Ո՞րն էր իրական պատճառը, որ «Ժառանգություն» կուսակցությունը պառակտվեց, քանի որ լուրջ չէ որպես պատճառ նշել մեկ տարի առաջ կուսակցության համագումարում տեղի ունեցած կեղծիքները: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին «Ժառանգությունից» հեռացված, պատգամավոր Վարդան Խաչատրյանին, ինչին նա արձագանքեց. «Երբ մեկ տեղ խախտվում է արդարացիությունը, ապա ամեն տեղ էլ խախտվում է: Կեղծիքը հնարավոր չէ հենց այնպես տանել, նրանք պարբերաբար դուրս են գալիս քննարկման դաշտ, պարբերաբար ազդում են ներկուսակցական կյանքի վրա եւ վաղ թե ուշ ունենում են այս կամ այն հանգուցալուծումը»:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ «Ժառանգությունը» բովանդականային եւ որակական առումով այլակերպվեց, նա պատասխանեց. «Այն, որ „Ժառանգությունը“ կենթարկվի ինչ-որ փոփոխությունների, ոչ մի կասկած, քանի որ հեռացել են դերակատարներ: Բայց միեւնույն ժամանակ արմատական գնահատական տալու հիմքեր դժվար եմ պատկերացնում այս պահին, որովհետեւ ամեն մի գնահատական հնարավոր է միայն գործողություններ տեսնելուց հետո»:

Ինչ վերաբերում է իրեն հեռացնելու որոշման մեջ նշված մեղադրանքներին, թե նա առանձին բանակցություններ է վարել ու կապեր է հաստատել այլ ուժերի հետ, Վ. Խաչատրյանն ասաց. «Կուսակցության կանոնադրության համաձայն, իմ զբաղեցրած պաշտոնները` վարչության նախագահի եւ կուսակցության քարտուղարի, հենց այնպիսին են եղել, որոնք ենթադրում են ուղղակի հարաբերություններ, կապեր եւ հանդիպումներ ունենալ այլ քաղաքական ուժերի հետ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դրանք ինչ-որ կերպ թաքնված կամ սքողված են եղել, ապա ասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասն տեղյակ է եղել ամեն ինչից, որեւէ բան չի թաքցվել»։