Ազգային ժողովում մայիսի 1-ին հնչած ելույթներում անհարկի շահարկվել է Պետական եկամուտների կոմիտեի անունը, ինչի առնչությամբ կոմիտեն հորդորում է քաղաքական բոլոր ուժերին չքաղաքականացնել կառույցի գործունեությունը:

ՄԵԿ-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.

«ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է եւ կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները: Դրանց իրականացման որակից է կախված երկրի սոցիալական, տնտեսական անվտանգությունը: Եթե հարկային եւ մաքսային մարմինները թերանան իրենց գործառույթներն իրականացնելիս, հաշվի առնելով քաղաքական գործընթացները, մեր երկիրը խնդիր կունենա այս ոլորտներում:

Ուստի, հորդորում ենք քաղաքական բոլոր ուժերին չնսեմացնել ՊԵԿ-ի աշխատանքը եւ չմոռանալ, որ կոմիտեն վերջին շրջանում շարունակ ձեռքբերումներ է արձանագրում. ընթացիկ տարում գերակատարվել են պետբյուջեի հարկային եկամուտները, պարզեցվել են հարկային եւ մաքսային ընթացակարգերը, կրճատվել է դրանց համար ծախսվող ժամանակը, կատարելագործվել են սահմանին տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմները, բիզնեսին շրջանառու միջոց ունենալու, ավտոմեքենայի ներմուծման հետ կապված մաքսային վճարումները նախապես հաշվարկելու, հարկային եւ մաքսային գործընթացները կանխատեսելու եւ քայլերը ծրագրելու հնարավորություններ են ընձեռվել:

Դուրս լինելով քաղաքական զարգացումներից՝ կոմիտեն պարտավոր է շարունակել կենտրոնացնել ջանքերը՝ իր գործառույթները բարեխղճորեն կատարելու համար, որպեսզի երկրում չլինեն աշխատավարձի, կենսաթոշակի, առողջապահական ծառայությունների, բիզնեսին ԱԱՀ-ի վերադարձման եւ պետության ու քաղաքացիների կենսագործունությանն առնչվող այլ խնդիրներ: