ԱՄՆ-ը հինգշաբթի նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի «ստվերային նավատորմի» մասնակիցների դեմ, որը օգտագործվում է նավթամթերքները արտասահմանյան շուկաներ տեղափոխելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ նոր միջոցներն ուղղված են իրանական նավթի արտահանման հետ կապված լցանավերի ցանցի մնացած հատվածի դեմ։
«Այսօրվա միջոցները փաստացի չեզոքացնում են Իրանի ստվերային նավատորմի մնացած ցանցի ճնշող մեծամասնությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Պատժամիջոցների տակ են հայտնվել 17 նավեր, որոնք, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների, միլիոնավոր բարել իրանական նավթ, ինչպես նաև նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք էին տեղափոխում Հարավային և Արևելյան Ասիայի շուկաներ։
Ամերիկյան իշխանությունները պատժամիջոցային ցուցակներում ներառել են նաև այս նավերի սեփականատեր ընկերություններին։ Վաշինգտոնը նրանց մեղադրում է Իրանի տնտեսության նավթային կամ նավթաքիմիական հատվածներում գործունեություն իրականացնելու մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ նոր պատժամիջոցների նպատակը Թեհրանին տարածաշրջանում պատերազմ վարելու համար անհրաժեշտ միջոցներից զրկելն է։ Ավելի վաղ Բեսենթը խոստացել էր Իրանի համար կազմակերպել «տնտեսական Դ-օր» (D-Day)՝ ուժեղացնելով ճնշումը նրա նավթային եկամուտների վրա։
Նոր սահմանափակումները մտցվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից կարճ ժամանակ անց, ըստ որի Վաշինգտոնը չի նախատեսում մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելիք միջանկյալ ընտրությունները նոր հարվածներ հասցնել Իրանին։ Թրամփը հայտնել է նաև Թեհրանի հետ «արդյունավետ բանակցությունների» մասին։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի վերջից ռազմական գործողություն են իրականացնում Իրանի դեմ։ Հարվածների հետևանքով զոհվել է Իրանի գերագույն առաջնորդը, ինչից հետո Թեհրանը սկսել է պատասխան գործողություններ, իսկ հակամարտությունը տարածվել է տարածաշրջանի այլ երկրներ։




























