Ֆրանսիական Rafale կործանիչներով թռիչքներ իրականացնելու համար ուկրաինացի օդաչուների պատրաստությունը Ֆրանսիայում կսկսվի նոյեմբերին։ Դրա մասին Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի կոմիտեում լսումների ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը, հաղորդում է «Укринформ»-ը։

«Ուկրաինացի օդաչուների ուսուցման առաջին փուլերը կսկսվեն նոյեմբերից»,- ասել է Վոտրենը՝ առաջին անգամ նշելով պատրաստության մեկնարկի հստակ ժամկետը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիայում Rafale-ով օդաչուների ուսուցումը կսկսվի մոտ ժամանակում։ Հոկտեմբերի սկզբին նա այս հարցը քննարկել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ըստ հուլիսի 14-ի Ուկրաինայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրի՝ Կիևը նախատեսում է սպառազինությամբ հանդերձ ձեռք բերել առաջին 16 Rafale-ը՝ մինչև 100 նման ինքնաթիռի գնման ավելի լայնածավալ ծրագրի շրջանակում։ Առաջին չորս կործանիչները պետք է փոխանցվեն Ուկրաինային օդաչուների և տեխնիկական անձնակազմի պատրաստության ավարտից հետո։

Ըստ Ֆրանսիայում ավելի վաղ հնչեցված ծրագրերի՝ առաջին Rafale-ները կարող են հայտնվել ուկրաինական երկնքում 2028–2029 թվականներին։