ԱՄՆ իշխանությունները քննարկում են միգրանտներին Կենտրոնական և Հարավային Ամերիկա արտաքսելու համար լաստանավեր օգտագործելու հնարավորությունը, հայտնել է New York Times թերթը՝ հղում կատարելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

«Թրամփի վարչակազմը քննարկում է նավերի, այդ թվում՝ 500 ֆուտանոց (մոտ 152 մետր) ուսումնական նավի և լաստանավերի օգտագործումը միգրանտներին Կենտրոնական և Հարավային Ամերիկա արտաքսելու համար, նման ուղևորությունները կարող են օրեր տևել և միլիոնավոր դոլարներ արժենալ», – փոխանցել է պարբերականը։

Պարբերականը նշել է, որ նման ծրագիրը կապված է մի շարք ռիսկերի հետ՝ սկսած նման փոխադրումների բարձր արժեքից՝ ավիափոխադրումների համեմատ, և լոգիստիկ բարդություններից մինչև անվտանգության հարցեր։ Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնում, թե ինչպես են կազմակերպվելու միգրանտների պահման պայմանները։ Սակայն նման ծրագիրը կարող էր արտաքսման ծախսերի մի մասը ներքին անվտանգության նախարարությունից փոխանցել Պենտագոնին։

Պաշտոնական անձինք ընդգծել են, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Հնարավոր նավերի թվում նշվել է Golden Bear-ը՝ ծովային ակադեմիայի ուսումնական նավը, որը խարիսխ է գցել Կալիֆոռնիայում։ Նրանց խոսքով՝ ռազմական գերատեսչությունը նաև կապ է հաստատել ընկերությունների հետ՝ եվրոպական նավերի հետ կապված։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարում է անօրինական միգրանտների դեմ պայքարի քաղաքականություն։ Իր երդմնակալության օրը նա խոստացել է անհապաղ կանգնեցնել անօրինական միգրանտների ներթափանցումը ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը։ Նա նաև ամբողջ երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ կապված ԱՄՆ հարավային սահմանի իրավիճակի հետ։