Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է միանալ Հայ ազգային կոնգրեսին, բայց ոչ երբեք` ՀՀՇ-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` Կարապետյանը:
«Եթե իշխանությունները մինչեւ փետրվարի 28-ը մեր հանդեպ զիջումների չգնան, մենք արտահերթ ընտրությունններ կհայտարարենք եւ «ոչ» կասենք այս իշխանություններին: Մինչեւ այդ, մենք կուսակցության համագումար կանցկացնենք: Դրանից հետո քաղաքական ակցիաներ կանենք, կոմիտե կստեղծենք, որի կազմի մեջ կմտնեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական դաշտը կհամախմբենք եւ կսկսենք մեր պայքարը»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Հարցին, թե այսօրվա դրությամբ կա՞ն քաղաքական ուժեր, որոնք իշխանությունների դեմ պայքարում պատրաստակամ են սատարել Ժողովրդական կուսակցությանը, ԺԿ նախագահը պատասխանեց, որ կան, սակայն նրանց անուններն առայժմ չի կարող նշել: «Նման ուժեր կան, ինչի՞ չկան, ուղղակի նրանց անունները թող անակնկալ մնան»,- ամփոփեց նա:
Նշենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարություն Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն արել էր հունվարի 19-ին կայացած հանրահավաքի ժամանակ` նշելով, որ «եթե իշխանությունները մինչեւ փետրվարի 28-ը զիջումների չգնան, մենք արտահերթ ընտրությունններ ենք հայտարարելու եւ «ոչ» ենք ասելու այս իշխանություններին»:





























