Օրերս թերթին հայտնի է դարձել, որ 2009-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին մեկ միլիոն եվրո գրանտ է հատկացվել՝ մարդու իրավունքների պաշտպանւթյունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը երեկ ի պատասխան թերթի թղթակցի հարցին, թե  ինչպես է ծախսվել այդ գումարը, փոխանցել է իր ղեկավարի պատասխանը. «ՄԻՊ գրասենյակը նման չափի գրանտ ոչ 2009-ին, ոչ էլ 2010-ին չի ստացել»։

Երեկ ՀԺ-ի տրամադրության տակ է հայտնվել եվրոպական միության հովանավորությամբ գործող «Հասարակական գործերի ինստիտուտ» հասարակական կազմակերպության՝ 2010-ին հրապարակած «Արեւելյան օգնությունն «Արեւելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակությանը» հաշվետվությունը, որտեղ հստակ երեւում է, որ 2009-ին եվրոպական միությունը մեկ միլիոն եվրո է հատկացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակին, եւ այդ գումարը ուղղված է եղել «Մարդկանց եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը»։ Այսինքն, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ուղղակի ստել է, ասելով, որ իր գրասենյակը նման գումար չի ստացել։ Եւ սա պարզապես սուտ չէ, այլ խորամանկ սուտ, որովհետեւ հակառակ պատասպանից կբխեր նոր հարց՝ կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացվել Հայաստանում «մարդկանց եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության» հարցում, եւ որ ծրագրի վրա որքան եվրո է ծախսվել։ Եւ ընդհանրապես հարց կառաջանար, թե ԵՄ հատկացրած մեկ միլիոն եվրոյի շնորհիվ քանի աստիճանով է բարձրացել ՀՀ քաղաքացիների «իրավունքների պաշտպանության» մակարդակը։ Բայց քանի որ Արմեն Հարությունյանը ժխտում է այդ գումարը ստանալու փաստը, մնում է միայն արձանագրել, որ դա խիստ սազական է Հայաստանի նման երկրի Արմեն Հարությունյանի պես օմբուդսմենին։