Թունիսյան իրադարձությունները պետք է դաս լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համար, որովհետեւ մարդկանց համբերությունն անսահման չէ։ Հունվարի 20-ին տեղ ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

«Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունը ցույց տվեց, թե ինչպիսին կարող է լինել քիչ լեգիտիմ իշխանությունների վիճակը նրանց  հանդեպ ժողովրդի անհանդուժողակնության պարագայում։ Բացի այդ, կատարվածը նշան էր, թե ինչպես զայրացած ժողովուրդը կարող է տապալել իր վրա չափից շատ վստահ իշխանություններին։ 6 ամիս առաջ ոչ ոք չէր էլ կարող կասկածել, որ Թունիսում նման իրադարձություններ կարող էին ծավալվել, մինչեւ որ մարդիկ հասկացան, որ  ոչ թե իրենք պետք է ծառայեն կառավարությանը, այլ կառավարությունն՝ իրենց։ Նրանք հասկացան, որ կարող են տապալել իրենց իսկ կողմից մի ժամանակ ընտրված ուժերին»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով, Թունիսում կատարվածը մի յուրօրինակ մեսիջ էր հատկապես այդ երկրից աշխարհագրորեն բավական հեռու, սակայն Թունիսի նման կլանային եւ հորից որդուն փոխանցված իշխանության կրող Ադրբեջանի համար։ «Բայց կատարվածից դասեր պետք է քաղի նաեւ Հայաստանը։

Ժողովրդի կողմից փոփոխություններ իրականացնելու պահանջների անտեսումը կարող է հանգեցնել ճիշտ նույն վիճակին, որն այժմ առկա է Թունիսում»,- ընդգծեց Կիրակոսյանը՝ միաժամակ նկատելով, որ բոլոր հեղափոխություններն սկսում են հանկարծակի կերպով։

«Հատկանշականն այն է, որ թունիսյան հեղափոխությունը առաջնորդներ չուներ։ Այն սկսվեց հասարակ, փողոցային  առեւտրով զբաղվող 26-ամյա մի համալսարանական երիտասարդից, ով, ի նշան իշխանությունների հանդեպ դժգոհության եւ ոստիկանության կողմից իր ապրանքն առգրավելու՝ ինքնահրկիզվեց։ Այստեղ՝ Հայաստանում էլ, աշխատանք չունեցող եւ փողոցային առեւտրով ընտանիք պահող շատ մարդիկ են ապրում»,-ակնարկեց փորձագետը։

Նշենք, որ Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին երկրից փախել էր դեռ հունվարի 14-ին: Սակայն զանգվածային անկարգություններն այդ երկրում սկսվել էին դեռ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին։