Կենսաթոշակը վերահաշվարկելիս այլեւս անհրաժեշտ չի լինի ներկայացնել աշխատելու մասին տեղեկանք: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով, գործող օրենսդրությամբ աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե անձը տարածքային կենտրոն է ներկայացնում աշխատելու մասին տեղեկանքը եւ դիմումը. «Այսինքն վերահաշվարկի համար պարտադիր պայման է լրացուցիչ փաստաթղթի ներկայացումը: Այժմ կենսաթոշակը վերահաշվարկելիս առաջարկվում է վերացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտությունը: Միայն դիմումը բավարար կլինի, որպեսզի աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկվի»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով, կենսաթոշակառուի աշխատելու մասին տեղեկանքը նախատեսվում է ստանալ հարկային մարմնից:

«2013-ի հունվարի 1-ից մեզ մոտ իրականացվում է բոլոր վարձու աշխատողների, նրանց վճարած եկամուտների անձնավորված հաշվառում ամսական կտրվածքով:  Քաղաքացու դիմումի հիման վրա պետական մարմինը մեկ այլ պետական մարմնից ստացած տեղեկատվության հիման վրա կվերահաշվարկի այդ կենսաթոշակը: Սրա նպատակն այն է, որ քաղաքացին ձերբազատվի փաստաթուղթ վերցնելու ծանրաբեռնվածությունից»:

Սաիյանը տեղեկացրեց, որ տարեկան մոտ 60 հազար մարդ դիմում է իր կենսաթոշակը վերահաշվարկելու համար, այսինքն այս 60 հազարի խնդիրը կլուծվի: