1000 տարվա ժամանակահատվածն ընդգրկող հատակային նստվածքների վերլուծությունը ցույց է տվել, որ Ավստրալիայի գաղութացումը հանգեցրել է լանդշաֆտի զգալի մասի վերափոխմանը խիտ էվկալիպտային անտառների, ինչը, իր հերթին, վտանգավոր անտառային հրդեհների ցիկլերի առաջացման պատճառ է դարձել։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
«Կործանարար հրդեհները, որոնց այսօր բախվում ենք, գաղութացման և հողօգտագործման բնույթի փոփոխության հետևանք են, ոչ թե միայն կլիմայի փոփոխության արդյունք»,- պնդում է Մելբուռնի համալսարանի (Ավստրալիա) ներկայացուցիչ Մայքլ-Շոն Ֆլետչերը։
Ըստ Ֆլետչերի՝ ջերմաստիճանի բարձրացման և երաշտի համադրությունը էվկալիպտային անտառների խտության կտրուկ աճի հետ բազմապատիկ ուժեղացրել է բնական հրդեհների վտանգը և հրահրել «սև ամռան»՝ 2019–2020 թվականների սեզոնի աղետալի հրդեհները, որոնց ընթացքում այրվել է 24 միլիոն հեկտար հողատարածք։
Գիտնականը և նրա գործընկերները մեկ մետր երկարությամբ հատակային նստվածքների սյուն են դուրս բերել Պուրգագուլա ջրամբարի (նաև հայտնի է որպես Էլուսիվ լիճ) հատակից, որը Ավստրալիայի հարավարևելքում է՝ Կրոաջինգոլոնգ ազգային պարկում։
Լիճը շրջապատված է անտառով, իսկ դրա ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է մոտ 10 հազար քառակուսի կիլոմետր, հաղորդում է Planet Today-ը։ Սա մարդու գործունեությունից գրեթե չազդված տարածք է, որտեղ բնությունն զարգանում է առանց ակտիվ միջամտության։
Հետազոտողները նստվածքների սյունն ուսումնասիրել են 0,5 սանտիմետր քայլով և պարզել, որ նստվածքների կուտակման բնույթը կտրուկ փոխվել է 200 տարի առաջ։
Մինչ բրիտանացիների ժամանումը տեղի աբորիգենները՝ գունայ-կուրնայ ժողովուրդը, հազարամյակներ շարունակ կառավարում էին լանդշաֆտը, մասնավորապես՝ կիրառելով վերահսկվող այրումների պրակտիկան։ Լիճ ընկնող փոշեհատիկների և ծաղկափոշու տվյալները վկայում էին նոսրանտառների գերակշռության մասին․ 800 տարվա ընթացքում՝ մինչև գաղութացման սկիզբը, անտառածածկը զբաղեցնում էր տարածքի ընդամենը մոտ 10%-ը։
Սակայն 1830-ից 1860 թվականների միջև ընկած ժամանակահատվածում եվրոպացի վերաբնակիչները ոչնչացրել են բնիկ բնակչության զգալի մասը և բռնի կերպով տեղահանել մնացածներին, ինչի հետևանքով վերահսկվող այրումների պրակտիկան դադարել է։
Այս տարածաշրջան ժամանած առաջին վերաբնակիչները պատմում էին, որ կարող էին առանց դժվարության անասունների հոտերը քշել այս վայրերով, որոնք այն ժամանակ շատ ավելի բաց նոսրանտառ էին ներկայացնում։ Թփուտներն արագ տարածվեցին, և ինչպես ցույց տվեցին փայտածխի մնացորդների ուսումնասիրությունները, անտառային հրդեհները դարձան ավելի ինտենսիվ, ինչը, իր հերթին, հանգեցրեց էվկալիպտների ավելի խիտ վերաճի, որի արդյունքում ծառածածկույթի մակերեսը մեծացավ մոտավորապես մինչև 40 տոկոս։
«Առանձնապես կարևոր է, որ հենց այս ժամանակաշրջանում մենք առաջին անգամ վերջին հազար տարվա ընթացքում տեսնում ենք հողի էրոզիայի նշաններ,- ասում է Ֆլետչերը։- Ջերմաստիճանն ու հրդեհների հաճախականությունն աճել են, էվկալիպտային տնկարկների տարածքն ավելացել է, և էկոհամակարգը հայտնվել է բարձր ինտենսիվության աղետալի հրդեհների փակ ցիկլում»։
Ավստրալիայի հարավարևելքի այլ վայրերից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս նմանատիպ պատկեր․ ժամանակակից դարաշրջանում այստեղ էվկալիպտները վեց անգամ ավելի շատ են, քան անցյալում։
Տնկարկների խտության աճի դեպքում ծառերի սաղարթները միանում են՝ ստեղծելով պայմաններ բոցի ավելի հեշտ տարածման համար, իսկ անտառի ստորին հարկում թփուտների գերաճը նպաստում է, որ կրակը գետնից անցնի ծառերի սաղարթներին։
Թեև կլիմայի փոփոխությունը կշարունակի հրահրել անտառային հրդեհներ, բնիկ ժողովուրդների կողմից ավանդաբար կիրառվող վերահսկվող այրումների պրակտիկային վերադառնալը կօգներ նվազեցնել դրանց ինտենսիվությունն ու հետևանքների ծանրությունը, կարծում է Ֆլետչերը։
Նա պնդում է, որ «ծառերի պաշտամունքը» հանգեցնում է աղետալի հետևանքների, ներառյալ տնտեսական կորուստներն ու խոր համազգային տրավման։ Բացի դրանից, այսպիսի խիտ անտառները չեն կարող հուսալիորեն պահել ածխածինը, քանի որ դրանք շատ ավելի հակված են հրդեհման։
«Այն պատկերացումը, թե Ավստրալիայի հարավարևելքի էվկալիպտային անտառները ներկայիս կառավարման մեթոդների պայմաններում կարող են անվտանգ կուտակել ածխածին երկար ժամանակով, միֆ է,- ասում է Ֆլետչերը։- Դրան հասնելու փորձերն անիմաստ են, քանի որ կուտակված ածխածինը պարզապես կցնդի ծխի հետ, ինչը հաստատեցին նաև 2019–2020 թվականների իրադարձությունները»։
Ավստրալիայի Տասմանիայի համալսարանի ներկայացուցիչ Դևիդ Բոումենը նշում է, որ այս հետազոտությունը հաստատում է այլ գիտական աշխատանքների եզրակացությունները, որոնք մատնանշում են բուսածածկի արմատական փոփոխությունները, երբ դադարեցվել է հրդեհների կառավարման պրակտիկան, որին հետևում էին բնիկ ժողովուրդները։
«Այս հետազոտությունը նոր խթան կհաղորդի հրդեհների կայուն կառավարման և այս գործընթացում ավանդական այրման մեթոդներին տիրապետող բնիկ համայնքների ներգրավման առանցքային դերի մասին քննարկումներին, ինչպես նաև կարևոր հարցեր կբարձրացնի չափազանց խիտ ու գերաճած անտառային զանգվածների վերականգնման վերաբերյալ,- ասում է Բոումենը։- Ավստրալիացիներին դեռ շատ հետազոտություններ և մշակումներ անհրաժեշտ կլինեն, որպեսզի սովորեն անվտանգ համակեցել անտառային հրդեհների հետ, որոնց ինտենսիվությունը աճում է կլիմայի փոփոխության պատճառով»։
«Թերևս սա մինչ օրս ամենացայտուն օրինակն է այն բանի, թե ինչպես են եվրոպացիների գալուստից առաջ գոյություն ունեցած լանդշաֆտները զգալիորեն փոխվել բնիկ ժողովուրդների կողմից կիրառվող կրակի ավանդական կառավարման մեթոդներից հրաժարվելու պատճառով, և այժմ մենք դրա գինն ենք վճարում»,- ասում է Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքում գործող Ջեյմս Քուկի համալսարանի ներկայացուցիչ Մայքլ Բերդը։





























