Վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցով, այսօր՝ մայիսի 22-ին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Մենք նախորդ տարի արձանագրել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ, իսկ մեկ տոկոս տնտեսական աճը 14 մլրդ դրամ է: Եթե կենսաթոշակ բարձրացնելու հարցն առաջանահերթ չի, դուք ասեք, թե որտեղ է գերնորմատիվային աճի փողերը ծախսվել, եթե տեղյակ եք»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով. «Ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք ցանկացել մեր կենսաթոշակառուների կենսաթոշակը մի փոքր բարձրացրել»:
Ի պատասխան փոխնախարար Սաիյանն ասաց. «Կարծում եմ՝ նման հնարավորություն չի եղել: 2-3 հազար դրամով կենսաթոշակներն ավելացնելու համար տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 12-15 մլրդ դրամ: Հեռու եմ այն մտքից, որ նման հնարավորություն եղել է, բայց չեն բարձրացվել թոշակները: Այլ հարց է, որ դուք կարող եք մատնանշել աղբյուրներ, բայց այդ հարցն ինձ ուղղված չպետք է լինի, որովհետեւ ֆինանսական ծախսային քաղաքականության առաջնահերթությունները սոցապնախարարությունյը չէ, որ որոշում է»:
Տեղից արձագանքեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Հին կառավարությունը նոր կառավարությանը ժառանգել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, հիմա նաեւ կարող են բարձրացնել թոշակները»:





























