Հայաստանից արտահանումը Իսրայել 2017-ին կազմել է 3,7 մլն դոլար, 2016-ին եղել է 4 մլն դոլար, իսկ 2015-ին՝ 4,5, այսինքն ունենք նվազման միտում: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «ՀՀ կառավարության եւ Իսրայելի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին հարցը քննարկելիս նշեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Նրա խոսքով, Իսրայելից Հայաստան ներմուծումը 2015-ին եղել է 7,8 մլն դոլար, 2016-ին՝ 5,2 մլն, իսկ 2017-ին՝ 7,4 մլն. «Արտահանման մեջ Իսրայելի տեսակարար կշիռը 0,2 տոկոս է: Ներդրումները 2015-2016 թթ եղել են 1,3 մլրդ դրամ»,-ասաց փոխնախարարը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարց ուղղեց, թե ռազմաարդյունաբերության ոլորտում ունե՞նք համագործակցություն, ինչին փոխնախարարն արձագանքեց. «Եթե մենք ունենանք այնպիսի ռազմաարդյունաբերական ներուժ, որը հնարավորություն տա հետաքրքրություն ստեղծել Իսրայելի համար, բնականաբար կնպաստի այդ առումով, բայց ցավոք, ես չունեմ այն տեղեկատվությունը, թե որ ներուժն է Հայաստանում այնքան ուժեղ ու մրցունակ, որ կարող ենք Իսրայելի հետ համագործակցել»:

Միքայել Մելքումյանն էլ նկատեց. «Այս օրենքը էնտուզիազմով, որ բերում ենք, ի՞նչն է խնդիրը, որ չենք կարողանում առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնել՝ հաշվի առնելով, որ քաղաքական հարթությունում Կնեսեթի հետ ունենք լավ հարաբերություններ»: