2017 թվականի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 675 մլն դոլար, որի մեջ կառավարության մասնաբաժինը կազմել է 6 մլրդ 173 մլն դոլար: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, կառավարությանը վերաբերող արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 893 մլրդ դոլար, իսկ մնացածը կազմել է կառավարության ներքին պարտքը:

«Ընդհանուր պարտքի մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 58,8 տոկոսը, դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի: Դրանով է պայմանավորված նաեւ այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որն առաջարկվել է եւ իրականացվել, որի նպատակը պարտքը կայունացնելն է»,-ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ պետական պարտքի 18,4 տոկոսը դրամով է ներգրավված, որը 2016-ի համեմատ մի փոքր նվազել է:

Նրա խոսքով, եթե արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը ցածր է 50 տոկոսից, ապա դա գնահատվում է կառավարելի, մեր դեպքում՝ այն կազմել է 48,5 տոկոս:

«Պետական պարտքի սպասարկում/արտահանում հարաբերակցությունը կազմել է 6,8 տոկոս: Այս գնահատականով եւս Հայաստանը նվազ պատրքի բեռ ունեցող է համարվում»,-ընդգծեց ֆինանսների նախարարը: