ԱՄՆ Ջորջիա նահանգի հարավային Դուգլաս քաղաքի բնակելի տներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը։

Իրավապահների փոխանցմամբ՝ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 9-ին, տեղական ժամանակով 23:00-ի սահմաններում, կրակոցների վերաբերյալ ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահները տանը հայտնաբերել են հրազենային վնասվածքներով հինգ դի։

Տեղական DouglasNow պարբերականի տեղեկություններով՝ իրավապահները դիտարկում են սպանության և դրան հաջորդած ինքնասպանության վարկածը։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ տղամարդը սպանել է չորս անձի, ապա ինքնասպան եղել։ Ոստիկանությունն իր առաջին հաղորդագրության մեջ այս հանգամանքը դեռևս չի հաստատել։

Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։ Զոհվածների ինքնությունն ու պատահարի մանրամասները պաշտոնապես դեռևս չեն հրապարակվում։