ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, դիտարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման առաջարկները քննարկելու համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ ամերիկացի պաշտոնյային։
Աղբյուրի խոսքով՝ ուղևորությունները դեռ հաստատված չեն, և դրանց հեռանկարները կարող են կախված լինել Վաշինգտոնի և Կիևի միջև հարաբերությունների վերջին սրումից։
Ուրբաթ օրը Մայամիում Ուիթքոֆն ու Քուշները ուկրաինական պատվիրակության և եվրոպացի դիվանագետների հետ անցկացրել են ութժամյա բանակցություններ։ Մասնակիցների հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր անվտանգության այն երաշխիքների վրա, որոնք ԱՄՆ-ը, եվրոպական երկրները և ՆԱՏՕ-ն կարող էին տրամադրել Ուկրաինային խաղաղության համաձայնագրի շրջանակում։
Կողմերը նաև քննարկել են հնարավոր տարածքային լուծումները և տարածաշրջանի հետպատերազմյան կառուցվածքը։ Ամերիկացի ներկայացուցիչները ներկայացրել են Ուկրաինայի վերականգնման առաջարկների փաթեթ, որը նախատեսում է վերակառուցման ֆինանսավորում, ուկրաինական բանակի ուժեղացում և պատերազմի հետևանքով առաջացած բյուջետային դեֆիցիտի հաղթահարման լուծումների որոնում։
Բացի այդ, մասնակիցները քննարկել են Ուկրաինայի՝ Եվրամիություն անդամակցելու հեռանկարները և նրա ապագա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Ուիթքոֆն ու Քուշները նաև բարձրացրել են Եվրոպայի և Ռուսաստանի միջև հետպատերազմյան անվտանգության համակարգ ստեղծելու հարցը, որը կարող էր հաշվի առնել երկու կողմերի շահերը։
Ամերիկյան վարչակազմը հույս ունի մշակել նոր առաջարկ, որը թույլ կտա հասնել Մոսկվայի համաձայնությանը՝ պատերազմը դադարեցնելու հարցում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած 90 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հաստատել Կիևի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների նկատմամբ ուկրաինական հարվածները խոչընդոտել են բանակցային գործընթացի անհապաղ վերսկսմանը։ Նրա խոսքով՝ Պուտինը հայտնել է, որ ռուսական կողմը դեռ կմտածի, թե երբ կարող են բանակցությունները շարունակվել։





























