ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին բարձրաստիճան աշխատակից Դևիդ Ջ. Ռաշը խոստովանել է իրեն մեղավոր խարդախության մեջ, որի հետևանքով ամերիկյան պետությունը կորցրել է մոտ 194 մլն դոլար, հաղորդում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 49-ամյա Ռաշն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ կեղծ պետական ծրագրեր ստեղծելու և անձնական նպատակներով բյուջետային միջոցներ ստանալու համար։ Մասնավորապես, նա հնարել է գոյություն չունեցող «հատուկ հասանելիության» գաղտնի ծրագիր, որպեսզի հիմնավորի այնպիսի գործողությունների ֆինանսավորումը, որոնք իրականում երբեք չեն իրականացվել։
Ստացված նյութական միջոցները Ռաշն ուղղել է Ֆլորիդայում շքեղ անշարժ գույք, ոսկու ձուլակտորներ, թանկարժեք ժամացույցներ և ավտոմեքենաներ գնելուն։ Քննության տվյալներով՝ շուրջ 145 միլիոն դոլար փոխանցվել է խարդախ սխեմայի շրջանակում ստեղծված ընկերության հաշիվներին։ Այդ գումարով անշարժ գույքի չորս օբյեկտ է ձեռք բերվել Փալմ Բիչում և Հոբ Սաունդում։
2026 թվականի մայիսին ՀԴԲ-ի (FBI) գործակալները խուզարկություն են անցկացրել Վիրջինիա նահանգում գտնվող Ռաշի տանը։ Այնտեղ հայտնաբերել են շուրջ 46 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 298 ոսկյա ձուլակտոր, մոտ 2,1 միլիոն դոլար կանխիկ դրամ, ավելի քան 100 հազար եվրո և բազմաթիվ թանկարժեք ժամացույցներ։ Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ Ռաշը համաձայնել է պետությանը հանձնել ապօրինի ձեռք բերված ակտիվները, այդ թվում՝ ոսկին, անշարժ գույքը, ժամացույցներն ու 2026 թվականի արտադրության «BMW Alpina» մակնիշի երկու ավտոմեքենաները։
Գործի նյութերը նաև փաստում են, որ Ռաշն օտարերկրյա պետական ներկայացուցչին տեղեկություններ է տրամադրել ամերիկյան հետախուզության գաղտնի աղբյուրի մասին։ «Associated Press» գործակալության տվյալներով՝ այդ տեղեկատվությունը կարող էր վտանգել ինչպես աղբյուրի, այնպես էլ նրա հետ աշխատող աշխատակիցների կյանքը։
Գործի քննությունը շարունակվում է։ Ռաշի դատավճռի հրապարակումը նշանակված է 2027 թվականի հունվարի 28-ին։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, ինչպես նաև գույքի բռնագանձում, վնասի փոխհատուցում և տուգանք։ Վերջնական պատժաչափը կսահմանի դաշնային դատավորը։ ԱՄՆ արդարադատության նախարարության հետաքննությունը ընթացքի մեջ է։





























