Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում խոշոր բողոքի ակցիայի նախօրեին տասնյակ մարդկանց են ձերբակալել, այդ թվում՝ «Խավարասերների կուսակցություն» շարժման առաջնորդ Աբհիջիտ Դիպկեին, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով շարժման հայտարարությանը։

Իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները․ քաղաքի առանձին շրջաններում բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել, իսկ փողոցներ են դուրս բերվել ուժային կառույցների տասնյակ հազարավոր աշխատակիցներ։ Ոստիկանությունը մերժել է ցույցն անցկացնելու՝ կազմակերպիչների հայտը՝ պատճառաբանելով նախորդ բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումների կրկնության մտավախությունը։

Շարժման մասնակիցները պահանջում են ընտրական բարեփոխումներ իրականացնել և պաշտոնանկ անել Հնդկաստանի Ընտրական հանձնաժողովի ղեկավար Գյանեշ Կումարին։ Ցուցարարները նրան մեղադրում են ընտրացուցակների հետ կապված զեղծարարությունների մեջ, սակայն Ընտրական հանձնաժողովը հերքում է այս մեղադրանքները։

«Խավարասերների կուսակցություն»-ը սկզբում ձևավորվել էր որպես երգիծական առցանց արշավ, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է երիտասարդական բողոքի շարժման։ Շարժման նախորդ խոշոր ակցիան տեղի էր ունեցել հուլիսին և ուղեկցվել ոստիկանության հետ բախումներով։ Այդ իրադարձություններից հետո Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական էր տվել։