Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, թե Հունաստանում ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիոն գործով առանցքային մեղադրյալներ հանդիսացող Մուրաթ Գյուլիբրահիմօղլուն։ Մինչդեռ հունական ոստիկանությունը հերքել է այս տեղեկությունը՝ պարզաբանելով, որ տղամարդը կալանավորված չէ, իսկ Ինտերպոլը նրան ձերբակալելու և հանձնելու նպատակով միջազգային հետախուզում չի հայտարարել, գրում է Kathimerini-ն։

Թուրքիայի իշխանությունները Գյուլիբրահիմօղլուին մեղադրում են հանցավոր խմբավորմանն անդամակցելու, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ։ Թուրքական մամուլը նրան որակում է որպես արդարադատությունից խուսափող անձ և Ստամբուլի նախկին քաղաքապետ, ներկայումս անազատության մեջ գտնվող Էքրեմ Իմամօղլուի ենթադրյալ ֆինանսական միջնորդ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլի դատարանն արդեն ներկայացրել է նրան արտահանձնելու պահանջը։

Հունաստանի իշխանությունների փոխանցմամբ՝ Գյուլիբրահիմօղլուն իրենց տեսադաշտում է հայտնվել հուլիսի 14-ին, երբ Աթենքից հյուսիս գտնվող Մալակասայի ընդունման կենտրոնում միջազգային ապաստան է հայցել։ Դիմումը գրանցելուց հետո նրան ազատ են արձակել, իսկ ապաստանի հայցն այժմ քննության փուլում է։

Գյուլիբրահիմօղլուն պնդում է, որ Թուրքիայում իր դեմ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ։

Հունական ոստիկանությունը հաստատել է, որ թուրքական կողմից ստացել է արտահանձնման փաստաթղթերը, սակայն ընդգծել է, որ կասկածյալը ձերբակալված չէ։