ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի գրասենյակը հետաքննություն է սկսել Հունաստանում ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի և նրա գլխավորած դեսպանատան նկատմամբ, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ընդունված որոշմանը ծանոթ երկու աղբյուրների։

Հետաքննությունը սկսվել է իրավաբան, խորհրդատու, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի աջակից ու հովանավոր Էրիկ Դիտերսի մեղադրանքների ֆոնին։ Նա պնդում է, որ 2025 թվականին դեսպանի պաշտոնում Գիլֆոյլի թեկնածության հաստատման լսումներին ընդառաջ, վերջինս խնդրել է իրեն մարել American Express վարկային քարտի իր 100 հազար դոլարի պարտքը՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ կապ հաստատելու հնարավորություն տալու դիմաց։

«Նա ուներ այդ 100 հազար դոլարի կարիքը։ Դա ծառայությունների փոխանակում էր»,— հինգշաբթի NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Դիտերսը։

Նրա խոսքով՝ Գիլֆոյլը, ով նախկինում աշխատել է Fox News հեռուստաալիքում, ակտիվորեն աջակցել է Թրամփի նախընտրական արշավին և եղել է նրա որդու՝ Դոնալդ Թրամփ Կրտսերի նշանածը։

«Նա ասաց, որ կարող եմ իրենից խնդրել ցանկացած բան Թրամփի աշխարհում։ Չկար որևէ խնդրանք, որը չափազանց մեծ կլիներ»,— պնդում է Դիտերսը։

Նա NBC News-ին է փոխանցել PDF ֆայլ, որը պարունակում է տեքստային հաղորդագրությունների և Signal մեսենջերի նամակագրությունը։ Այս նյութերը ավելի վաղ հրապարակել էր The Wall Street Journal պարբերականը։ Դիտերսի տրամադրած հաղորդագրություններից մեկում Գիլֆոյլը, ըստ ամենայնի, առաջարկում է գումարն ուղղակիորեն փոխանցել American Express-ին, քանի որ այդ կերպ վճարումը «ոչ մի տեղ չի արտացոլվի»։ Դիտերսը պնդում է, որ ի վերջո չի վճարել այդ գումարը։

Գիլֆոյլի փաստաբանը չի պատասխանել NBC News-ի՝ մեկնաբանություն տալու հարցմանը։ Ավելի վաղ նա The Wall Street Journal-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալը վիճարկում է նամակագրության իսկությունը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ նյութերն է համարում անհավաստի։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուրբաթ օրը կոչ է արել եզրակացություններ չանել մինչև հանգամանքների պարզումը։ Նրա խոսքով՝ խոսքը մեղադրանքների, այլ ոչ թե ապացուցված փաստերի մասին է։

«Եկեք տեսնենք, թե որոնք են փաստերը։ Եկեք պարզենք ճշմարտությունը։ Եվ, ակնհայտ է, եթե որևէ վատ բան է տեղի ունեցել, մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»,— հայտարարել է Վենսը։

Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում դեմոկրատների առաջնորդ Գրեգորի Միքսը նամակ էր հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ խնդրելով լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել The Wall Street Journal-ի հրապարակած այլ մեղադրանքների մասին։ Հինգշաբթի Ռուբիոն քննադատել էր լրագրողին, ով դեսպանի հետ Աթենքում գտնվելու ընթացքում իրեն հարց էր ուղղել Գիլֆոյլին ներկայացված հավակնությունների վերաբերյալ։

Դիվանագիտական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննության մասին լուրը լուրջ անհանգստություն է առաջացրել Պետդեպարտամենտում։ Նրա խոսքով՝ նման հետաքննությունները հազվադեպ են. գլխավոր տեսուչի գրասենյակը հայտնի է նախևառաջ ամերիկյան դեսպանատների կանոնավոր ստուգումներով։

Գրասենյակի ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է, որ գերատեսչությունը չի հաստատում և չի հերքում հետաքննությունների անցկացման փաստը և չի մեկնաբանում դրանք։ Պետդեպարտամենտը նույնպես հրաժարվել է մեկնաբանել ինչպես Գիլֆոյլի հասցեին հնչած մեղադրանքները, այնպես էլ հնարավոր հետաքննությունը։

Գերատեսչությունը նախկինում ևս հետաքննել է ամերիկացի դեսպանների ենթադրյալ խախտումները։ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ստուգման էր ենթարկվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան, Հանրապետական կուսակցության խոշոր հովանավոր Վուդի Ջոնսոնը։ Տեսուչը հանգել էր այն եզրակացության, որ Ջոնսոնը դեսպանատան աշխատակիցների հասցեին «անպատշաճ» արտահայտություններ է թույլ տվել ռասայի, սեռի և կրոնի վերաբերյալ։ Ընդ որում, Պետդեպարտամենտը մերժել էր տեսուչի հանձնարարականները՝ հայտարարելով, որ Ջոնսոնը ծանոթացել է աշխատավայրում ոտնձգությունների մասին պետական ուսուցողական տեսանյութին և ղեկավարությանն առաջարկել է անցնել համապատասխան դասընթացը։

2024 թվականին՝ նախագահ Ջո Բայդենի օրոք, տեսուչը ստուգում էր Սինգապուրում ԱՄՆ դեսպան Ջոնաթան Կապլանի գործունեությունը։ Ստուգմամբ սահմանվել էր, որ նա սպառնացել է աշխատակիցներին և ոչ ժամանակին կամ առանց պատշաճ փաստաթղթերի է հաշվետվություններ ներկայացրել մոտ 48 հազար դոլարի գործուղման ծախսերի վերաբերյալ։ Այն ժամանակ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ լուրջ է վերաբերվում տեսուչի հանձնարարականներին և կատարելու է կազմակերպչական փոփոխություններ։