Գերմանիայի բնակիչների ավելի քան կեսն անտեղի է համարում նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջինիս ծննդյան օրվա առթիվ։ Այդ մասին են վկայում dpa գործակալության պատվերով անցկացված YouGov-ի հարցման արդյունքները։
Հարցվածների 56%-ի կարծիքով՝ նման քայլն անվայել է Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարին։ Հարցվածների քառորդ մասը դա ընդունելի է համարել, իսկ 20%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է կարծիք հայտնելուց։
Հարցումն անցկացվել է ուրբաթ օրը՝ Գերմանիայի 1219 բնակչի շրջանում։
Կրեմլի փոխանցմամբ՝ Շրյոդերն ու Պուտինը հանդիպել են չորեքշաբթի օրը, երբ Ռուսաստանի ղեկավարը նշում էր 74-ամյակը։ «Նախագահն իր հին ընկերոջը հյուրընկալել է իր տանը»,— ասված էր հաղորդագրության մեջ։ Հրապարակվել էին նաև լուսանկարներ, որոնցում քաղաքական գործիչները ժպտում են ու ջերմորեն սեղմում միմյանց ձեռքը։
Ուրբաթ օրը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ կառավարության ղեկավարը «խորապես վրդովված է» այցից։
Նրա խոսքով՝ Մերցը «ծայրաստիճան անբարոյական» է համարում այն, որ ստեղծված իրավիճակում Շրյոդերը Պուտինի կողքին է։
Գերհարդ Շրյոդերը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1998–2005 թվականներին և նախկինում գլխավորել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Նա տարիներ ի վեր մտերիմ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ և պարբերաբար քննադատվում է ինչպես այդ կապերի, այնպես էլ ռուսական էներգետիկ ընկերությունների նախագծերում ներգրավվածության համար։ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո նախկին կանցլերը մի քանի անգամ հանդիպել է ՌԴ նախագահի հետ։





























