FlyDubai ավիաընկերության երկրորդ օդաչուն, որը սեպտեմբերի 30-ին Թել Ավիվ թռչող ինքնաթիռում կացնով հարձակվել էր օդանավապետի վրա, մտադիր է եղել զավթել ղեկը և օդանավն ուղղել դեպի Իսրայելի գլխավոր միջազգային օդանավակայանի ուղևորային տերմինալ։ Այս մասին, Associated Press-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 9-ին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազությունը։

ԱՄԷ գլխավոր դատախազության տվյալներով՝ Օմանի քաղաքացի հանդիսացող կասկածյալը գործել է «հնարավորինս շատ մարդկային զոհեր պատճառելու դիտավորությամբ»։ Օդանավում գտնվող 174 ուղևորների մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են եղել։

WAM պետական լրատվական գործակալության տարածած հայտարարության համաձայն՝ երկրորդ օդաչուն «ոգեշնչված է եղել» 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններով։ Ավելին, նա Դուբայից Թել Ավիվ նախորդ երկու չվերթերն օգտագործել է թռիչքուղին և նշանակման օդանավակայանն ուսումնասիրելու նպատակով։

Միևնույն ժամանակ, դատախազությունը նշում է, որ FlyDubai-ում անցկացված անվտանգության և մասնագիտական ստուգումների ընթացքում նրա մոտ ծայրահեղական հայացքների կամ հարձակման պատրաստվող նշաններ չեն հայտնաբերվել։ Associated Press-ի փոխանցմամբ՝ կասկածյալը 29-ամյա Համամ ալ-Համամին է։

ԱՄԷ իշխանությունները հայտնել են նաև, որ Ալ-Համամին ընդունել է իր մեղքը՝ նշելով, որ գործել է միայնակ։ Դատախազության տվյալներով՝ փաստաբանի ներկայությամբ նա մանրամասն պատմել է իր շարժառիթների, նախապատրաստական քայլերի և ծրագրի իրականացման մասին։ Քննությունը ենթադրում է, որ նա կարող էր մոլեռանդ գաղափարներով վարակված լինել Ավստրալիայի մզկիթներից մեկում, երբ 2017 թվականին սովորում էր Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում։

Միջադեպը տեղի է ունեցել Հորդանանի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքում։ Երկրորդ օդաչուն օդաչուների խցիկում վթարային կացնով հարվածել է օդանավապետ Սմիթ Մաչարին։ Ստացած հարվածներին ու արյունահոսությանը հակառակ՝ օսաչուին հաջողվել է բացել խցիկի դուռը և անձնակազմին ու ուղևորներին ահազանգել հարձակման մասին։

Ուղևորները վնասազերծել են հարձակվողին և օգնել վերահսկողություն սահմանել իրավիճակի նկատմամբ։ Միջադեպի ընթացքում ինքնաթիռը մեկ րոպեից էլ պակաս ժամանակում կորցրել է շուրջ 4,3–4,9 հազար մետր բարձրություն։ Երկու պահեստային օդաչուները ստանձնել են ղեկավարումը և օդանավը վթարային վայրէջքի են ենթարկել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքի օդանավակայանում։

ԱՄԷ դատախազությունը քննությունն իր վերահսկողության տակ է վերցրել սեպտեմբերի 30-ի պատահարից անմիջապես հետո։ Ուրբաթ օրը հրապարակված հայտարարությունը քննության ընթացքի վերաբերյալ ամենամանրամասն պաշտոնական հաղորդագրությունն է եղել։