Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Դա արվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի համաձայնությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտինն ու Փեզեշքիանը երկու անգամ հանդիպել են Թուրքմենստանում անցկացված գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպումներից մեկի ընթացքում Ռուսաստանի նախագահն իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է Թրամփի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին։

«Այնուհետև, արդեն Իրանի նախագահի համաձայնությամբ, Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ իրանական կողմի տեսլականը», — լրագրողներին հայտնել է Պեսկովը։

Թուրքմենստանում Պուտինն առանձնազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ։ Բացի այդ, ԱՊՀ և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովների շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։