Պանամայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից առնվազն 27 մարդ է վնասվել։ Վնասվել է ավելի քան 400 շինություն՝ բնակելի տներ, դպրոցներ, հիվանդանոցներ ու պետական հիմնարկներ։ Այս մասին, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում է իսպանական EFE գործակալությունը։
Ամենալուրջ ավերածությունները գրանցվել են Կոկլե նահանգի Պենոնոմե քաղաքում, որտեղ փլուզվել են եռահարկ հյուրանոց, Սան Խուան Բաուտիստա տաճարի աշտարակներից մեկն ու նահանգապետարանի շենքի մի հատվածը։ Հյուրանոցի փլատակները թափվել են կայանված մեքենաների վրա։
Պանամայի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության փոխանցմամբ՝ աղետից տուժել է 142 տուն, 188 ուսումնական հաստատություն, 20 բուժկենտրոն, 26 պետական շենք, 13 եկեղեցի, 7 հյուրանոց և 9 կամուրջ։ Վնասվել են նաև ճանապարհներն ու խմելու ջրի մաքրման կայանները։
Կոկլե նահանգում թեթև վնասվածքներ է ստացել 17 մարդ, տուժել է 50 տուն և 2 հյուրանոց։ Իսկ ցնցումների էպիկենտրոն հանդիսացող Լոս Սանտոս նահանգում հաղորդվում է 6 տուժածի, ինչպես նաև վնասված տների, հիվանդանոցների, դպրոցների ու վարչական շենքերի մասին։
Ծովի մակարդակի բարձրացման պատճառով ափամերձ բնակավայրերից մեկի շուրջ 300 բնակչի տեղափոխել են բարձրադիր գոտիներ։ Ճանապարհների ու կամուրջների ավերման, ինչպես նաև սահանքների հետևանքով 5 համայնք ամբողջովին կտրվել է արտաքին աշխարհից։
Վերջին տվյալներով՝ զոհեր չկան։ 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին․ աղետի հետևանքները զգացվել են երկրի 9 նահանգում։





























