Ռուսական ԶԼՄ-ներում ԽՄԿԿ Կենտկոմի նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի որդեգիր ծոռ անվանվող Անտոն Միլաևի նկատմամբ քրեական հոդվածով հետախուզում է հայտարարվել։ Այս մասին տեղեկությունը հայտնվել է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում։ «Կոմերսանտ»-ը փոխանցում է, որ Միլաևի հետախուզման կոնկրետ հոդվածը նշված չէ։
Միլաևը մասնակցել է Ուկրաինայի դեմ պատերազմին։ Անցյալ տարվա նոյեմբերին նա անհետ կորել էր, իսկ ամռանը հայտնի դարձավ, որ զինծառայողը գտնվում է ուկրաինական գերության մեջ։ Այս մասին նրա մայրը՝ Իրինա Կուզնեցովան, պատմել է Baza Telegram-ալիքին տված հարցազրույցում։
Անտոն Միլաևը ծնվել է Մոսկվայում 1980 թվականին։ Նա Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Բրեժնևի դստեր՝ Գալինա Բրեժնևայի առաջին ամուսնու՝ կրկեսի արտիստ Եվգենի Միլաևի հարազատ թոռն է։


























