Հարկաբյուջետային քաղաքականության համար 2017թ.-ին որպես նպատակադրում էր դրվել կայունացնել պարտքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Անդրադառնալով 2017-ի բյուջեի եկամտային մասին նախարարն ասաց, որ դրանցում հատկապես մեծ կշիռ ունեն հարկային եկամուտները՝ մոտ ավելի քան 93 տոկոս, կամ 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ:
«Դրամաշնորհները ընդհանուր եկամուտների մեջ կազմել են 1,02 տոկոս: Հարկային եկամուտների մեջ ամենամեծ կշիռը ավելացված արժեքային հարկն է՝ 35,1 տոկոս, հաջորդն իր մեծությամբ եկամտային հարկն է՝ 29,5 տոկոս և շահութահարկը՝ 9,5 տոկոս»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով բյուջեի ծախսային մասին, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ դրանք կազմել են 1,5 տրիլիոն դրամ, որից 237 միլիարդը կապիտալ բնույթի ծախսեր են եղել. «Տնտեսական բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները: Դրանով պայմանավորված՝ որոշակի շեղում է եղել, ավելի շատ պարտք ենք ունեցել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումներին: Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար: Կարճաժամկետ հատվածում սա նորմալ է»:




























