Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները ստեղծել են մի կառույց՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որով երկրին հասցրել են հսկայական վնաս: Այս մասին ԱԺ-ում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից՝ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը։
«Կառույցը նախատեսված էր մուտքեր ապահովելու համար, բայց կոռուպցիոն սխեմա է ստեղծվել մուտքերը գրպանելու համար: Սրա վտանգավորության աստիճանն ուզում եմ հասկանանք: Պատկերացնո՞ւմ եք, թե նրանց գործունեության հետեւանքով քանի հարյուր միլիարդ չի մուտքագրվել բյուջե»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Նա անդրադարձավ նաեւ աշխատակիցներին չգրանցելու խնդրին. «500 աշխատակից ունեցող ընկերությունը գրանցել է 5 աշխատող եւ սա 20 տարի շարունակ: Պատկերացնում եք, թե ինչ մուտքեր չի հավաքագրվել պետական բյուջե»:
Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ քանի դեռ քննություն է ընթանում դեռ վաղ է ասել, որ դա կոռուպցիոն սխեմա է կամ հասցրել է այսքան վնաս: «Քանի դեռ չկա իրավապահ մարմնի եզրակացությունը, մնացած գնահատականները կարող են իրականությանը մասամբ համապատասխանել: Փաստը միայն այն է, որ կառույցը ստեղծվել է»:
Չգրանցված աշխատողների մասով Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ եթե կան այդպիսի դեպքեր, ապա վերաբերմունքը պետք է լինի իրավական դաշտում, որովհետեւ բոլորս ձգտում ենք ունենալ օրենքի գերակայություն:
Նշենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով կալանավորվել է 3 մարդ՝ ընկերության գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահն ու հաշվապահության ծառայության գծով տնօրենը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:



























