Դասադուլ հայտարարած ԵՊՀ ուսանողները քիչ առաջ գնացել են ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակ՝ նրա հետ քննարկելու իրենց պահանջները: Ռեկտորն առաջարկել է նրանց լսել հենց իր աշխատասենյակում լսել դրանք, սակայն ուսանողները պահանջել են, որ հանդիպումն անցկացվի գիտխորհրդի դահլիճում, որպեսզի բողոքի դուրս եկած բոլոր ուսանողները ռեկտորին հարցեր տալու հնարավորություն ունենան:

Արամ Սիմոնյանը համաձայնել է, եւ քիչ անց այստեղ մեկնարկելու է հանդիպումը:

Նշենք, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունն այսօր՝ մայիսի 29-ին բողոքի ակցիա է անցկացնում Երեւանի պետհամալսարանում՝ ընդդեմ համալսարանի ղեկավարության: Ուսանողները պահանջում են Արամ Սիմոնյանի հրաժարականը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ բողոքի երթ են անցկացնում: Նրանք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից երթով շարժվել են դեպի համալսարանի մյուս մասնաշենքեր՝ ուսանողներին հորդորելով միանալ իրենց:

Ակցիայի մասնակիցները պահանջում են ֆինանսական աուդիտ անցկացնել համալսարանում, լուծարել հոգաբարձուների խորհուրդը, ապաքաղաքականացնել ու կասեցնել ԵՊՀ արհմիության եւ ուսխորհրդի գործունեությունը: