Այսօր ՀԴՄ–ների շահագործման կանոնները ավելի վատ են պահպանվում, քան մեկ ամիս առաջ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, իրենք հիմա պետք է պարզեն, թե ինչն է պատճառը եւ կոչով դիմեն հանրությանը, որ զարթոնքային իրավիճակը տեղափոխեն հարկ վճարելու դաշտ։

«Հարկ վճարելը եւս հայրենասիրության դրսեւորումներից է»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին, թե քաղաքական անցումային շրջանի հետ է կապում այս վիճակը, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Հնարավոր է, ժողովրդի ոգեւորվածությունը կարող է ամենաթողության հետ զուգորդվի, մենք դա հարկային վարչարարության ոլորտում տեսնում ենք: Մենք շատ մեծ ծրագրեր ունեք ՀԴՄ հսկողության առումով, դա չի լինելու տեռոր, այլ լինելու է համագործակցված»: