Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարությանը  ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է եւս մեկ տարով հետաձգել մասնավոր հատվածի համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։ Այսօր այդ մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց Թանդիլյանը, հավելելով, որ  նախագիծն արդեն ներկայացրել կառավարության դատին։

Նախագծով նախատեսվում է  մասնավոր հատվածի համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հետաձգել մեկ տարով, սակայն հետաձգումը, ըստ նախարարի, չի կարող վերաբերվել պետական համակարգում աշխատողներին, քանի որ վերջիններս արդեն ներառված են այդ համակարգում։

«Այսինքն՝ հունիսի 1-ից ներդրվող կուտակային համակարգի կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարի։  Մենք այդ հարցի շուրջ քննարկումներ կծավալենք հանրության հետ միասին և հետո միայն կտեսնենք՝ ինչպես է հնարավոր համակարգը ներդնել Հայաստանում», - ասաց Թանդիլյանը, հավելելով, որ հետաձգումը պայմանավորված է պարտադիր բաղադրիչի մնալ կամ չմնալու հարցով։

Նրա խոսքով՝ կենսաթոշակային համակարգի ֆոնդերի կառավարիչների հետ եւս քննարկվել է այդ հարցը, քննարկումներին մասնակից է նաեւ Կենտրոնական բանկը. «Հանրությունը բավականին ակտիվ է և արդեն իսկ մասնագետները տարբեր հետաքրքիր առաջարկներ են ներկայացրել համակարգի արդյունավետ գործունեության վերաբերյալ»։