Անօրինականություն չպետք է լինի եւ եթե պետք է դրա համար գին վճարել, ապա պետք է վճարել: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էՖինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Երեւան սիթի»-ում ԱԱԾ-ի կողմից լայնածավալ ստուգումներին:
Հարցին, թե հնարավո՞ր է այդ ամենի արդյունքում նաեւ կապիտալի արտահոսք տեղի ունենա, գործարարներն ավելի զգուշավոր դառնան, փակեն իրենց բիզնեսները, Ջանջուղազյանը պատասխանեց. «Հարցը պետք է բազմաթիվ կողմերից դիտարկվի, բայց մի կարեւոր բան կա, որ պետք է հաշվի առնել. եթե խոսքը վերաբերում է ապօրինի գործողությունների դադարեցման արդյունքում երեւույթներ կարող են լինե, ապա դա ոչինչ, նորմալ է, թող տեղի ունենան: Անօրինականություն չպետք է լինի եւ եթե պետք է դրա համար գին վճարել, ապա պետք է վճարել: Կգա հաստատ այն կապիտալը, որը կաշխատի օրինական դաշտում: Դա չպետք է լինի վակուում առաջանալով, բայց եթե պետք է այդպես լինի, մենք պետք է պատրաստ լինենք դրան, եթե համոզված եք, որ դա ամենաճշմարիտ լուծումն է»:
Ֆինանսների նախարարը կարծիք հայտնեց, որ այդ առումով առայժմ որեւէ խնդիր չի տեսնում. «Կարծում եմ՝ բնականոն ընթացք է: Բայց նաեւ չի կարելի բաժանել սեւի եւ սպիտակի, պետք է բացահայտել ճիշտ պատճառները եւ դրանց լուծումները: Մենք պետք է չունենանք այնպիսի համակարգ, որտեղ հնարավոր է այդպիսի բաներ անել»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։
Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ԱԱՀ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»:
Ըստ ԱԱԾ-ի, «այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության: Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։
Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ»:





























