ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել հարևան Սաուդյան Արաբիայի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա եմենցի հութիների իրականացրած հարձակումների կապակցությամբ։

«Լավ չէ։ Սա լավ չէ։ Ես դրանից դժգոհ եմ», — ուրբաթ օրը Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Մինչդեռ երկուշաբթի օրը Թրամփը դրական էր գնահատել «Եմենի լուսաբաց» զինվորական գործողությունը։ Այն ժամանակ նա վստահություն էր հայտնել, որ ռազմարշավը հաջողությամբ է պսակվելու։

Վերջին շաբաթներին հութիներն ակտիվացրել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները։ Հինգշաբթի օրը Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել, հայտնել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Զոհվածների թվում է Saudia ազգային ավիաընկերության կապիտանը։

Բացի այդ, սաուդյան զինված ուժերի կողմից խոցված հրթիռի բեկորները վնասել են մայրաքաղաքում գտնվող մանկապարտեզն ու բուժհաստատությունների համալիրը։

Իր հերթին, Սաուդյան Արաբիան ուրբաթ օրը հարվածներ է հասցրել Եմենում հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղակայված ավելի քան հարյուր օբյեկտներին։

Նույն օրը Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ 24 ժամվա ընթացքում ավելի քան 2750 ճշգրիտ հարված են հասցրել շարժման դիրքերին։