Հարավկորեական Տեգու քաղաքում չորս հարկանի շենքի, որտեղ անցկացվում էր տարեցների համար նախատեսված խոհանոցային պարագաների իսպառ վաճառք, առաստաղի երեսպատման խոշոր հատվածներ են փլուզվել, հաղորդել է Yonhap-ը։

Տուժել է 38 մարդ, որոնցից իննին տեղափոխել են հիվանդանոցներ։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները և հրշեջ ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղի ժամանակով ժամը 10:16-ին, շենքի երկրորդ հարկում։ Փլուզումից հետո 66 մարդ լքել է տարածքը։ Նրանցից 38-ի մոտ հայտնաբերվել են թեթև վնասվածքներ, այդ թվում՝ քերծվածքներ։ Տուժածներից ոչ ոք ծանր վիճակում չէ։

Դեպքի վայր են ժամանել 60 հրշեջ և 14 միավոր տեխնիկա։ Փրկարարները զննել են շենքը՝ համոզվելու համար, որ փլատակների տակ մարդիկ չեն մնացել, սակայն այլ տուժածներ չեն հայտնաբերվել։

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կատարվածի մասին զեկույց է ստացել ոստիկանության ղեկավարի պաշտոնակատարից։ Նա համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու և միջադեպի հետևանքները վերացնելու համար։

Փլուզման պատճառները կպարզվեն քննության ընթացքում։ Տեգուի ոստիկանությունը ձևավորել է շուրջ 33 աշխատակցից բաղկացած հատուկ խումբ, որի կազմում ընդգրկվել են ծանր միջադեպերի քննության, քրեագիտական փորձաքննության և տուժածների պաշտպանության մասնագետներ։

Շենքի համատեղ զննությունը՝ Ազգային դատաբժշկական փորձաքննության ծառայության և այլ գերատեսչությունների մասնակցությամբ, նախատեսված է երկուշաբթի։

«Մենք կստուգենք հնարավոր կառուցվածքային թերությունները և կպարզենք, թե արդյոք պահպանվել են անվտանգության պահանջները», — հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։