Հայաստանում «Ամուլսարի» ոսկու արդյունահանման ծրագրի իրականացման ընթացքում ներդրվել է շուրջ 750 միլիոն դոլար։ Ամուլսարում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
Ալոյանի խոսքով՝ 21 տարի առաջ, երբ նոր էին մեկնարկում երկրաբանահետախուզական աշխատանքները, ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ նախագիծը նման մասշտաբներ կստանա և այդքան կարևոր կդառնա պետության ու տեղական համայնքների համար։
«Այն ժամանակ մենք սկսում էինք պարզապես որպես բիզնես՝ երկրաբանական հետախուզություն իրականացնելու նպատակով։ Սակայն, տարեցտարի, նախագծի զարգացմանը զուգընթաց, հասկանում էինք, որ այն հսկայական պոտենցիալ ունի։ «Ամուլսար» ծրագիրը, թերևս, դարձավ իմ կյանքի նպատակը», — պատմել է նա։
Ալոյանն ընդգծել է, որ համոզված է եղել՝ նախագիծը հնարավոր է իրականացնել՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու և տեղի համայնքներին էական սոցիալական աջակցություն ցուցաբերելով։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, տարիներ շարունակ ինքը պայքարել է ծրագրի մեկնարկին հասնելու համար։
Պատասխանելով հանքավայրի մշակման նախապատրաստական փուլում բնապահպանական կազմակերպությունների և տեղի բնակիչների դիմադրության մասին հարցին՝ Ալոյանը նշել է, որ համայնքների հետ հարաբերությունները հաջողվել է աստիճանաբար փոխել տևական աշխատանքի և բաց երկխոսության շնորհիվ։
«Կարծում եմ՝ ժամանակը բուժում է։ Հետևողական քայլերի, տեղեկատվության փոխանակման և համայնքների հետ աշխատանքի շնորհիվ մենք հասանք նրան, որ այսօր համայնքները մեր գործընկերներն են», — հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ, Ալոյանը չի պնդել, թե նախկին բողոքի ակցիաներն արհեստականորեն են կազմակերպված եղել։ Նրա խոսքով՝ ինքը չի վերլուծել այդ հարցը և հիմա չի կարող հստակ գնահատական տալ, թեև չի բացառում, որ նախագծի դեմ պայքարում կարող էր լինել նաև արհեստական տարր։
Մտահոգությունները, այդ թվում՝ ջրի որակի հետ կապված, փարատելու գլխավոր միջոցը Ալոյանը համարել է գործնական արդյունքները։ Նրա համոզմամբ՝ հենց իրական աշխատանքն ու արտադրության մեկնարկը պետք է ցույց տան, թե որքանով էին հիմնավոր տեղացիների մտավախությունները։
Ալոյանը նաև պատմել է, որ անձամբ է մասնակցել առաջին ոսկու ստացման գործընթացին և սեփական ձեռքերով է ձուլել առաջին ձուլակտորը։ Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին։
«Երբ տեսա արդյունքը, դա շատ հուզիչ էր։ Մասնագիտությամբ երկրաբան եմ, այս ոլորտում եմ շուրջ 30 տարի, բայց նախկինում երբեք ոսկի չէի ձուլել։ Դա հույժ հատուկ պահ էր, որովհետև այս նախագծին վերաբերվում եմ գրեթե սեփական զավակի պես», — նշել է նա։
Ալոյանի խոսքով՝ ձուլման ընթացքում ինքն աշխատել է կոլեգաների հետ կողք կողքի՝ բարձր ջերմաստիճանների համար նախատեսված հատուկ համազգեստով։
Պատասխանելով Հայաստանում դեռևս չշահագործվող այլ հեռանկարային հանքավայրերի մասին հարցին՝ Ալոյանը կոնկրետ օբյեկտներ չի նշել։ Նա պարզաբանել է, որ ընկերության գլխավոր առաջնահերթությունը մինչ օրս եղել է «Ամուլսարը», իսկ նոր ծրագրերի մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։





























