Եվրոպական միությունը մտադիր չէ թուլացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը՝ չնայած ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների ժամանակավոր մեղմացման որոշմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հարվածներն Ուկրաինային և եվրոպական երկրների դեմ հիբրիդային հարձակումների ուժեղացումը։
«Ռուսական հարվածները երկու օրվա ընթացքում ավելի քան 80 խաղաղ բնակչի կյանք են խլել Ուկրաինայում։ Բացի այդ, Ռուսաստանն ուժեղացրել է Եվրոպայի դեմ հիբրիդային հարձակումները՝ թե՛ ԵՄ անդամ պետությունների, թե՛ ՆԱՏՕ գծով դաշնակիցների դեմ։ Ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ է ապահովում պատերազմ վարելու համար։
Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա թույլ չի տա»,— հայտարարել է նա։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ երկուշաբթի ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հաստատել պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր պատժամիջոցների փաթեթն այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի ռազմական մեքենային։
Ավելի վաղ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել էր ռուսական դիզելային վառելիքի հետ կապված գործառնությունների սահմանափակումները՝ վառելիքի պակասի և համաշխարհային շուկայում գների աճի ֆոնին։ Այս որոշումը քննադատության է արժանացել եվրոպացի ներկայացուցիչների կողմից, որոնք կարծում են, որ վառելիքի արտահանումից ստացվող լրացուցիչ եկամուտները կարող են օգնել Մոսկվային շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայի դեմ։
ԵՄ-ը շարունակում է աշխատել նոր պատժամիջոցների ուղղությամբ, որոնք ուղղված են Ռուսաստանի՝ պատերազմը ֆինանսավորելու և իր ռազմական արդյունաբերությունն ապահովելու հնարավորությունները սահմանափակելուն։ Նոր սահմանափակումներ մտցնելու համար անհրաժեշտ է միության անդամ պետությունների համաձայնությունը։





























