ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էրի քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան, Փերի փողոցի բնակելի տներից մեկում, հայտնում է CBS News-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանությունը հրաձգության մասին ահազանգ է ստացել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին։ Ականատեսները պատմել են, որ զինված տղամարդը նախ կրակ է բացել փողոցում, ապա ներս մտել շենք։ Ժամանած ոստիկանները երկու սպանված կանանց մարմինները գտել են շենքից դուրս գտնվող տարածքում, իսկ մյուս զոհերին՝ ներսում։
Ոստիկանության ժամանումից հետո կասկածյալը ամրացել է տանը։ Դեպքի վայր են ժամանել SWAT հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։ Դիմակայության ընթացքում շենքի ներսից նոր կրակոցներ են հնչել։ Հետագայում ոստիկանները հայտնաբերել են մի քանի մարդու և հենց կասկածյալի դին, ով, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել։
Էրիի ոստիկանապետ Ռիկ Լորան տեղի ունեցածն անվանել է ամենածանր ու սրտաճմլիկ տեսարաններից մեկը, որին բախվել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Նրա խոսքով՝ բնակչության համար այլևս սպառնալիք չկա։
Զոհվածների ինքնությունը և հանցագործության շարժառիթը դեռևս պարզված չեն։ Ոստիկանությունը շարունակում է զանգվածային սպանության հանգամանքների քննությունը։




























