Գերմանիան կշարունակի ձգտել Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների սահմանմանը՝ անտեսելով վառելիքի դեֆիցիտը մեղմելու նպատակով համաշխարհային շուկա դիզելային վառելիքի մատակարարման շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը։
Նրա խոսքով՝ Բեռլինն ի գիտություն է ընդունել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների սահմանափակումները մեղմելու՝ ԱՄՆ որոշումը։
«Ընդ որում, Գերմանիան եվրոպացի գործընկերների հետ շարունակում է աշխատել հետագա պատժամիջոցների մշակման ուղղությամբ», — նշված է Կորնելիուսի՝ AFP գործակալությանը հղած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված համաձայնության մասին, որը վերաբերում է վառելիքի դեֆիցիտի և գնաճի ֆոնին համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների ավելացմանը։ Ղեկավարների հեռախոսազրույցից հետո ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական դիզելի հետ կապված գործարքների նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումները՝ դրանք թույլատրելով մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։





























