ԱՄՆ-ն հայտարարել է, որ մաքսատուրքեր կներդնի ԵՄ երկրներից, ինչպես նաեւ Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի ներկրման համար: Պաշտոնական հայտարարությամբ G7-ի երկրների ֆինանսների նախարարների հետ հանդիպման ժամանակ հանդես կգա ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբեր Ռոսը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ բանակցությունները ձախողվել են: Բրյուսելը չկարողացավ համոզել Վաշինգտոնին հետաձգել մաքսատուրքերի ներդրումը: Նա նշեց, որ Հյուսիսատլանտյան ազատ առեւտրի համաձայնագրի վերանայման վերաբերյալ Կանադայի եւ Մեքսիկայի հետ բանակցությունները «ավելի շատ ժամանակ են խլում, քան մենք հույս ունեինք» եւ դրանց ավարտի «ճշգրիտ ժամկետ» չկա, ինչի կապակցությամբ մաքսատուրքերից ազատումը եւս կվերացվի, լրագրողներին հայտնել է Ռոսը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի համաձայնել ԵՄ-ի՝ «այդ մաքսատուրքերից անվերապահորեն եւ մշտական ազատվելու» մասին պահանջի հետ: Ընդ որում, Ռոսը չի կարծում, որ Եվրամիության պատասխան քայլերը կոշտ չեն լինի: Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են շարունակվել՝ լուծում գտնելու համար:

Նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք ունի փոխել մաքսատուրքերը կամ քվոտաները ներդնել կամ «ցանկացած պահի անել այն, ինչ նա ցանկանում է», ինչը թույլ կտա լուծել խնդիրը: Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել պողպատի եւ ալյումինի ներմուծման համար՝ օգտագործելով ազգային անվտանգության հիմնավորումը, որը, ըստ Ռոսի, տնտեսական հարցերի լայն շրջանակ է ներառում: