2010 թ. 9 ամսում Հայաստան է ներկրվել 26 հազ. տոննա թռչնի միս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թռչնի մսի ներկրումն ավելացել է մոտ 24 տոկոսով։

Սակայն այստեղ կարեւոր է ուրիշ հանգամանք։ Թեեւ Հայաստանում խոշոր թռչնաբուծական տնտեսություններ կան, սակայն թռչնի մսի պահանջարկի երկու երրորդը բավարարվում է ներմուծման հաշվին։ Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրության կազմած պարենային հաշվեկշռի՝ տարեկան մեր երկրում սպառվում է մոտ 40 հազ. տոննա թռչնի միս։

Սա հենց այն բնագավառներից մեկն է, որտեղ տեղական արտադրության հաշվին կարելի է փոխարինել ներմուծումը։ Ի՞նչն է ուրեմն խանգարում մեր արտադրողներին՝ բավարարել թռչնի մսի նկատմամբ տեղական պահանջարկը։

Հիմնական խոչընդոտներից մեկը ներմուծվող թռչնամսի ցածր ինքնարժեքն է։ Ըստ հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի ներկայացրած տվյալների՝ ներմուծվող հավի մսի ինքնարժեքը 400 դրամ է՝ 1 կգ-ի համար, այնինչ տեղական արտադրության հավի մսի ինքնարժեքը 1000 դրամից ավելի է։

Սաֆարյանն իր այդ տեղեկությունները ստացել է անմիջապես արտադրողներից։ Թե որքանո՞վ դրանք օբյեկտիվ են՝ դժվար է ասել։ Թռչնաբուծական տնտեսությունները մսի ինքնարժեքի թանկությունը բացատրում են կերի թանկացմամբ, որը նույնպես ներմուծվում է։ Բայց դա այնքան էլ համոզիչ բացատրություն չէ, քանի որ բրազիլիական թռչնաֆաբրիկաներում հավերին հաստատ սոված չեն թողնում, իսկ բրազիլական հավի միսը 2 անգամ էժան է հայկականի համեմատ։

Հնարավոր է՝ հայկական թռչնաֆաբրիկաները տուժում են այն պատճառով, որ կերային հավելումներ չեն օգտագործում։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ դեռ կարելի է հանդիպել «բնական» կերով սնված հավերի։ Սա ինչ որ չափով արդարացնում է այն գնային տարբերությունը, որն առկա է ներմուծված եւ տեղական թռչնամսի միջեւ։

Հնարավոր է՝ հայկական արտադրության թռչնամիսն ավելի էժանանա, եթե թռչնակերի արտադրությունը կազմակերպվի անմիջապես Հայաստանում։ Դա միանգամայն հնարավոր է, պարզապես գյուղացիները շահագրգռված չեն կերաբույսերի մշակմամբ՝ ցածր արժեքի պատճառով։ Թեեւ նշենք, որ թռչնակերը հանդիսանում է մի շարք կերային բաղադրիչների խառնուրդ։

Աշխարհում թռչնակերի արտադրության բիզնեսը շատ զարգացած է։ Միայն զարմանալ կարելի է, որ Հայաստանում, որտեղ 5 խոշոր թռչնաֆաբրիկաներ կան, թռչնակերի արտադրության ոչ մի գործարան գոյություն չունի։ Դրա առկայությունը մեզ նաեւ կապահովագրի անորակ ու գենետիկորեն մոդիֆիկացված թռչնակերի օգտագործումից։

 

Սամվել Ավագյան