Այդ ի՞նչ կրքեր են հանդարտվել, որ դատարաններն արդեն կալանքը չեն կիրառում որպես խափանման միջոց: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ Ելիզավետա Դանիելյանն դրանից քիչ առաջ հայտարարել էր, թե «Սասնա ծռերի» եւ մյուս գործերով ամբաստանյալներն ազատ են արձակվում, քանի որ իրավիճակը հանդարտվել է եւ դատարանները կարողանում են նորմալ գործել:

Նա ի պատասխան Մարուքյանի, նշեց. «Կրքերի հանդարտման առումով նկատի ունեի, որ ստեղծվել է մի վիճակ, երբ դատարանները հնարավորություն ստացան անցկացնել դատական նիստեր: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ դժգոհություններ հայտնելով դատարաններից, դատաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ բոյկոտում էին նիստերը, դատարանի նկատմամբ անհարգալից դսրեւորում էին ցուցաբերում, որի պայմաններում անգամ դատական նիստեր չէին կայանում: Այդ առումով հիմա դատարանները մտան հանգիստ փուլ եւ կարողացան խափանման միջոցները փոխել, ինչը ուրախալի է»:

Մարուքյանն էլ նկատեց. «Այսինքն ստացվում է, որ նախքան Հայաստանում վերջին փոփոխությունները դատարանները չէին կարողանում նիստեր գումարել, թե չէ անպայման խափանման միջոց կալանքը կփոխեի՞ն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Ելիզավետա Դանիելյանին հարցրել էր, թե ինչպես է նա գնահատում, որ քաղաքական դատավարություններում մարդկանց խափանման միջոց կալանքը փոխվում է. «Այսինքն ինչ-որ բան փոխվել է, որ հիմա ազատ են արձակվում, այսինքն ճնշումներ եղել են, որոնք հիմա չկան: Այդ ի՞նչը փոխվեց։ Որևէ դեպքում ձեր ամբողջ պրակտիկայում չի՞ եղել, որ վերևից ասեն՝ այս որոշումը այդպես պետք է լինի»:

Ի պատասխպան Դանիելյանն էլ նշել էր. «Ինչ վերաբերում է դատավարություններին, որտեղ խափանման միջոցներ են փոխվում, ապա դրանք նորմալ պրոցեսներ են, նախատեսված են դատավարական օրենսդրությամբ: Ոչինչ օրենքից դուրս բան տեղի չի ունենում: Այլ բան է, որ միգուցե վերլուծենք, թե ինչ պայմաններում էր, որ եթե դատարանները չէին կարողանում իրականացնել դատավարությունները տարբեր խոչընդոտների պատճառով, հիմա կարծես հանդարտվել է իրավիճակը եւ շատ ուրախալի է, որ մարդիկ հայտնվում են ազատության մեջ: Կրքերը հանդարտվել են, դատարաններն սկսել են աշխատել»: