Մեծ Բրիտանիայում «ափսքերթինգի» (կիսաշրջազգեստի տակից նկարահանում) արգելքի մասին նոր օրենքը կտարածվի ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց վրա, որոնք կիլտ են հագնում, հայտնում է The Scotsman-ը:

Խորհրդարանի նիստի ժամանակ Նորբիթոնի բարոնուհի Շառլոթա Վերեն հայտարարել է, որ ապագա օրենքը կպաշտպանի ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց «պատիվն ու արժանապատվությունը»:

Տղամարդկանց դեպքում օրենքով կհետապնդվի «ափքիլթինգը»: Շոտլանդիայում կիլտը տղամարդու ազգային հագուստի անբաժանելի մասն է:

Նոր օրենքը քննարկման է դրվել այն բանից հետո, երբ տորիների կուսակցությունից խորհրդարանի անդամ սըր Քրիսթոֆեր Չոուփը առարկել է օրենքի նախորդ տարբերակի դեմ:

Հանրային արձագանքն իրեն սպասեցնել չի տվել՝ անհայտ անձինք նրա գրասենյակը «զարդարել» են 4 զույգ ներքնաշորով՝ իրար վարդագույն ռետինե քուղով կապած: