Հայաստանը, որն առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, պետք է լիովին հրաժարվի քրեակատարողական հիմնարկներում բռնության պրակտիկայից: Հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանն այս մասին ասաց «Իրավական կամայականության դեմ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ավելին, ըստ նրա, Հայաստանն այս ուղղությամբ պետք է ավելին անի, քան նախատեսված է տարբեր միջազգային կոնվենցիաներով: «Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող բացատրել, թե որտեղից է հայտնվում այս բացասական երեւույթը, եթե պետությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում, առաջին հերթին՝ օրենսդրական մակարդակով բռնությունների դեմ պայքարում»,- նշեց Ալավերդյանը:

Այնուամենայնիվ, իրավապաշտպանը դրական գնահատեց «Հայաստանը՝ առանց բռնության» կարգախոսը, որն առաջին անգամ ներառվել էր կառավարության ծրագրում՝ նշելով, որ կարճ ժամանակահատվածում պետությունը կարողացավ քայլեր ձեռնարկել ողջ քաղաքականության փոփոխման ուղղությամբ: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտ է կոնկրետացնել միջոցները, որոնք թույլատրելի են, սակայն որոնց կիրառման ժամանակ խնդիրներ են առաջանում:

«Մենք պետք է արմատախիլ անենք դաժան վերաբերմունքը, որտեղ էլ այն կիրառվի, եւ արդեն հաջորդ տարի ձեռքբերումներ արձանագրենք: Մենք կշարունակենք Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների դեմ պայքարը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: