Եգիպտական Ալեքսանդրիայի ափերի մոտ՝ Միջերկրական ծովի հատակում, հնագետները հայտնաբերել են բրոնզե մատանի՝ Ալեքսանդրիայի փարոսի պատկերով, որը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր, գրում է Live Science-ը։
Հետազոտողների տվյալներով, սա նման պատկերով մատանու առաջին հայտնաբերումն է։
Արտեֆակտը հայտնաբերվել է Անտիրոդոս խորտակված կղզու վրա գտնվող պալատի ավերակներում։ Պեղումները իրականացրել է Ստորջրյա հնագիտության եվրոպական ինստիտուտի և Եգիպտոսի զբոսաշրջության ու հնությունների նախարարության համատեղ արշավախումբը։
Ալեքսանդրիայի փարոսը, որը հայտնի է նաև որպես Փարոսյան փարոս, կառուցվել է մ.թ.ա. III դարում՝ Ալեքսանդրիայի նավահանգստի մուտքի մոտ գտնվող Փարոս կղզում։ Այն ծառայել է որպես կողմնորոշիչ ծովագնացների համար և համարվել է անտիկ շրջանի ամենանշանավոր ինժեներական կառույցներից մեկը։ Շատ դարեր շարունակ փարոսը մնացել է քաղաքի խորհրդանիշը, մինչև որ ավերվել է երկրաշարժերի հետևանքով։
Անտիրոդոս կղզին, որտեղ հայտնաբերվել է մատանին, հնում գտնվում էր Ալեքսանդրիայի նավահանգստում։ Այնտեղ կային պալատական կառույցներ, որոնք կապված էին հելլենիստական Եգիպտոսի կառավարիչների հետ։ Հետագայում կղզին անցել է ջրի տակ, իսկ նրա ճարտարապետական մնացորդները դարձել են ստորջրյա հնագիտական հետազոտությունների օբյեկտ։
Դրոշմով մատանին առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հետազոտողների համար՝ շնորհիվ հանրահայտ կառույցի պատկերի։ Նման զարդերը կարող էին օգտագործվել ոչ միայն որպես ոսկերչական իրեր, այլև փաստաթղթերի կամ այլ նյութերի վրա դրոշմներ թողնելու համար։
Հնագետների կարծիքով, այս հայտնագործությունը լրացնում է պատկերացումները այն մասին, թե ինչպես էր Ալեքսանդրիայի փարոսն ընկալվում հնում և ինչ նշանակություն ուներ այն քաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Մատանու թվագրումը և դրա տիրոջ մասին լրացուցիչ մանրամասները հրապարակված հաղորդագրությունում չեն նշվում։





























