Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում եւ ծանոթացել գործակալության աշխատակիցների հետ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Սուրեն Քրմոյանը եւ Գործակալության պետ Գարուշ Դավթյանը նախարար Զեյնալյանին ներկայացրել են ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, խոսել հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերից:
Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, շենքային պայմանների բարելավման ու տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությանը:
Նախարարը մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ եւ կարեւորել պետության կողմից մատուցվող ծառայությունները կատարելագործելուն, դրանք քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաեւ քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելուն եւ կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:





























