Ռուսական բանակը սպառազինման նորագույն համակարգեր է ստանում, որոնք պետք է զգալիորեն բարձրացնեն դրա արդյունավետությունը: ՌԴ ռազմական բուհերի շրջանավարտների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Վեստի»-ն:

Նրա խոսքով՝ Հարավային ռազմական օկրուգում արդեն ծառայում է հիպերձայնային «Կինժալ» համակարգը, որը կարող է ձայնից 10 անգամ ավելի արագ թռչել: Մոտ ապագայում կհայտնվի սերիական «Ավանգարդ»-ը: Իսկ հաջորդ տարի զինվորականները կստանան նոր միջմայրցամաքային «Սարմատ» բալիստիկ հրթիռը:

Նա հավելել է, որ ռուսական բանակի վերազինման մասշտաբներն աննախադեպ են: Եթե վեց տարի առաջ բանակում նոր նավերի, զրահապատ մեքենաների եւ թռչող սարքերի բաժինն ընդամենը 16 տոկոս էր կազմում, ապա այժմ այս ցուցանիշը մոտ 60 տոկոս է: Իսկ 2021 թվականին Ազգային զինված ուժերը պետք է արդիականացվեն 70 տոկոսով: Դա, ըստ Պուտինի, հնարավոր է դարձել ռուս գիտնականների եւ ինժեներների հսկայական աշխատանքի շնորհիվ: Նրանց մշակումները տասնյակ տարիներով առաջ են անցնում համաշխարհային բոլոր անալոգներից: