ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, գնդապետ Արտյոմ Մխոյանն այսօր՝ հունիսի 28-ին շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Արտյոմ Մխոյանը շրջել է հիմնարկում՝ ծառայողների աշխատասենյակներում, խոհանոցում, բուժկետում, գրադարանում, զբոսահրապարակում, նկուղային հարկում: Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրների, որոնց լուծումն էապես կբարելավի ծառայության գործունեությունը: Այցելելով հանձնուքների ընդունման սենյակ՝ Արտյոմ Մխոյանը հատուկ շեշտել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունը եւ հորդորել աշխատակիցներին առավել ուշադիր լինել զննություն իրականացնելիս: Բնակելի գոտում ծառայության պետը հանդիպել է որոշ կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ:
Այնուհետ քրեակատարողական հիմնարկի պետի եւ ղեկավար անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի շրջանակում ծառայության պետը, նշելով ծառայության լուրջ եւ բարդ գործառույթների իրականացումը, տվել է հասցեական հանձնարարականներ՝ կոռուպցիայի դեմ պայքարում նոր եւ արդյունավետ գործիքակազմ կիրառելու, ծառայող-ազատազրկված անձ միջանձնային փոխհարաբերությունները բարոյականության նորմերին համահունչ ձեւավորելու, անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացման գործընթացի նկատմամբ արհեստական մոտեցումները բացառելու, ինչպես նաև նրանց պահման պայմանները հնարավորինս բարելավվելու ուղղությամբ: Անդրադառնալով անձնակազմի արհեստավարժությանը՝ Արտյոմ Մխոյանն առանձնակի կարեւորել է անձնակազմի մասնագիտական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման հարցերը: Ամփոփելով քննարկումը՝ Արտյոմ Մխոյանը հորդորել է գործել օրենքի տառին համահունչ, պատվով կրել համազգեստը՝ հասարակության մեջ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի հեղինակությունն ու պատիվը:





























