Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) առաջադրված մեղադրանքն անհիմն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը:
Նա, մասնավորապես նշել է.
«Քաջատեղյակ լինելով նաեւ Արթուր Ասատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերին, ցանկանում եմ նշել, որ թե բարոյական, թե իրավական հարթությունում որեւէ ողջամիտ արդարացում չկա նախաքննական մարմնի որդեգրած մոտեցումներին, պաշտպանյալիս առաջադրված անհիմն մեղադրանքին, մերձավոր ազգականների հետ հեռախոսային խոսակցությունները եւ տեսակցությունները արգելելով փաստացի խոշտանգումներին եւ անմարդկային վերաբերմունքին:
Անմարդկային վերաբերմունքն այն անձի նկատմամբ, ով շուրջ 25 տարի եւ ավել Հայաստանում չի բնակվել, ով այդ տարիներին Հայաստանից ոչ մի լումա չի գողացել, եւ հակառակ դրան, թե իր անձով եւ թե իր կապերով ամբողջ աշխարհով մեկ բարձր է պահել Հայի պատիվն ու արժանապատվությունը, բարձրացրել է Հայաստանի անունը եւ իր կատարած հանրահայտ գործերով նպաստել է Հայաստանի Հանրապետությունը ամբողջ աշխարհով դրական լույսի ներքո ներկայացնելուն եւ ճանաչեցնելուն:
Ավելին, եթե թեկուզ պայմանական մի պահ պատկերացնենք, որ իրոք Արթուր Ասատրյանին եւ այլ անձանց սպանել ցանկացող հանցախումբը մինչեւ ոստիկանների նրանց հայտնաբերելն ինչ-որ անձի կողմից բացահայտվել են եւ նման կերպ կանխվել է առանձնապես ծանր հանցագործությունների (սպանությունների) մի ամբողջ շղթա, ապա այդ հանցախումբը հայտնաբերող եւ այդ սպանությունները կանխող անձին պետք է «հերոսի կոչում» տալ, այլ ոչ, թե քրեական հետապնդման ենթարկել կամ ենթարկելու փորձ կատարել: Այսինքն, ցանկացած օրինապահ քաղաքացի, ով տեղեկություն ստանա, որ հանցագործություն է կատարվում եւ այն իր միջոցներով կանխի, որի ընթացքում հնարավոր է նաեւ ինչ-որ վնաս պատճառի այդ հանցագործներին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի՞... Սա աբսուրդ է եւ հակասում է այսօրվա մեր իրողությանն ու գաղափարներին: Իսկ հիմա ինչ է ստացվում. ստացվում է, որ սպանություն նախապատրաստողները ճանաչվում են ապօրինի ազատությունից զրկվածներ, տուժողներ, որով նախաքննական մարմինը միտումնավոր կամ ակամայից թուլացնում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված Արթուր Ասատրյանի եւ այլ անձանց սպանության փորձի գործով ամբաստանյալների մեղադրանքները, ապացույցները, որով էլ հնարավորություն է տրվում նրանց ինչ-որ կերպ խուսափել պատասխանատվությունից, սակայն թե ում է սա ձեռնտու՝ պատասխանը դեռեւս պարզ չէ:
Ցանկացած բանական մարդ, ընդհուպ նաեւ այս քրեական գործի հետեւում կանգնած պաշտոնյանները, եթե տեղեկություն ստանան, որ իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, երեխաներին ու թոռներին ցանկանում են սպանել, անպայման կձեռնարկեն բոլոր միջոցները պարզելու համար, թե ով է իրենց թշնամին: Միգուցե իրենց թշնամին հենց ոստիկանությունից ինչ-որ պաշտոնյա է կամ այլ պաշտոնյա... բա չբռնես ու չիմանաս, թե ով է ցանկանում քեզ ու քո ընտանիքին ոչնչացնել...: Ի վերջո, չէ, որ սպանության փորձ կատարողներին ոչինչ չի պատահել, նրանց բռնել են ոստիկանները եւ օրենքի սահմաններում ընթացք է տրվել այդ սպանության փորձի քրեական գործին, այսինքն՝ նրանց չեն «կերել», չեն ոչնչացրել, այլ հակառակը, եթե թեկուզ պայմանական ընդունենք, որ մինչեւ ոստիկանների հայտնաբերելը հանցագործությունը կանխվել է այլ անձի կողմից, ապա վերջնական հաշվով, ըստ նախաքննության վարկածի, հանցագործները հանձնվել են օրենքին...:
Գտնում եմ, որ Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ պետք է պատկան մարմիները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե իրավական, թե բարոյական, եւ ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները անհիմն կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»:
Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:





























