2011 թվականի հունվարի 1-ից առ այսօր հանրապետությունում տրամադրվել է մինչեւ 7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնության 97 հազար հավաստագիր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։
Նրա խոսքով, կառավարության կողմից անվճար հավաստագրերի ծրագրի իրականացման համար տրամադրված 3 մլրդ դրամի շրջանակներում հանրապետության ստացիոնար բոլոր բժշկական հաստատություններում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը կիրականացվի բացարձակապես անվճար։
«Անվճար բուժօգնության որոշումը կար նաեւ նախկինում, սակայն՝ թղթի վրա։ Պատճառը ֆինանսական անբավարար պայմաններն էին, պետպատվերի գումարների սղությունը։ Ներկայումս ծրագրին հատկացված լրացուցիչ 3 մլրդ դրամը թույլ կտա լրացնել մինչ այս եղած բացը»,- նշեց Շուշան Հունանյանը։
Նա նաեւ շտապեց տեղեկացնել, որ մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժումը կարող է իրականացվել նույնիսկ հավաստագրի բացակայության պարագայում։ «Եթե երեխան, ասենք, 3 տարեկան է, եւ դեռ հավաստագիր չունի, դա դեռ չի նշանակում, որ նա զրկվում է սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքից»,- ընդգծեց Հունանյանը։
Նախարարության մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, հավաստագիրը մինչեւ 7 տարեկան երեխաներին հնարավորություն է տալիս նաեւ անվճար վիրահատությունների ենթարկվել։
Հունանյանը նաեւ տեղեկացրեց, որ վերոնշյալ հավաստագրերին զուգահեռ, 2011 թվականի հունվարի 1-ից շուրջ 5 հազար նորածինների տրամադրվել են նաեւ երեխայի առողջության անձնագրեր։ «Սա բավական հետաքրքիր տեղեկատվական գրքույկ է, ուր նշվում են նորածնի հասակին, քաշին վերաբերող անձնական տվյալներ, ինչպես նաեւ ցուցումներ ծնողներին»,- նշեց նա։
Ամփոփելով՝ Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարության տվյալներով, մինչեւ հունվարի 25-ը Երեւանում ծնվել է 1414 երեխա։
«Ինչ վերաբերում է երեխաների մահացությունների դեպքերին, 2009 թվականի տվյալներով, (քանի որ 2110-ի տվյալները դեռ չեն ամփոփվել) Հայաստանում մահացել է 0-1 տարեկան 454 , 0-7 տարեկան՝ 74 երեխա»,- ասաց նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով նախաձեռնված, մինչեւ 7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնության հավաստագրեր տրամադրելու ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի 1-ից։





























