ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մտադիր է անձամբ մասնակցել դաշնակցության՝ ԱԳՆ շենքի մոտ կազմակերպած հացադուլին: Սեպտեմբերի 17-ին, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, Մանոյանը պատասխանել է. ""Դեռ կհասցնեմ մասնակցել Դաշնակցության կազմակերպած հացադուլին եւ նստացույցին. մինչեւ հոկտեմբերի 13-ը շատ ժամանակ կա"։
Դժգոհելով, որ իրենց կողմից կազմակերպված ակցիաներն, ըստ էության, չեն լուսաբանվում, Կ. Մանոյանն ընդգծեց, որ դրանք ինքնանպատակ չեն, այլ հասարակության ուշադրությունը հայ-թուրքական մերձեցման գործընթացում առկա վտանգների վրա սեւեռելու նպատակ ունեն։ Իսկ վտանգները, նրա խոսքերով, արձանագրություններում տեղ գտած ձեւակերպումներն են, որոնք, Դաշնակցության խորին համոզմամբ, պետք է խմբագրել, որովհետեւ դրանք ակնհայտորեն չեն բխում Հայաստանի շահերից։ Հույս հայտնելով, որ հասարակությունը թույլ չի տա անդառնալին՝ որ արձանագրությունները վավերացվեն խորհրդարանում, Կ. Մանոյանը միեւնույն ժամանակ կոչ արեց գործադիրին՝ ինքնուրույն առաջ տանել սկսած գործը եւ «պատասխանատվությունը չգցել Ազգային ժողովի վրա»։
Վերջում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն, նշելով, որ «մեր վիճակն իրոք ողբերգական է», համոզմունք հայտնեց, որ, երկու երկրների միջեւ սահմանները չեն բացվի, քանի դեռ «ղարաբաղյան հարցը Թուրքիայի պատկերացմամբ չի լուծվել»։




























