«Ծառուկյան» դաշինքն ի սկզբանե կողմնակից է եղել 100 տոկոս համամասնական փակ ցուցակներով ընտրակարգին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով վարչապետին կից ստեղծված Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձնաժողովի նիստում ընդունված որոշումներին, ըստ որի առաջարկվում է 100 տոկոս համամասնական փակ ցուցակներով ընտրություն, ինչպես նաեւ անցողիկ շեմը կուսակցությունների համար նվազեցնել 5-ից 4 տոկոսի, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոսից 6 տոկոսի:

«100 տոկոսանոց համամասնական փակ ցուցակներով ընտրությունը մեր ծրագրային դրույթ է եղել, դրան համաձայն եք լրիվ: Ինչ վերաբերում է անցողիկ շեմն իջեցնելուն, մոտեցումն իրատեսական է, բայց ես որպես պատգամավոր կողմնակից կլինեի, որ շեմը իջեցվի ոչ թե մեկ տոկոսով, այլ երկու: Այսինքն կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոսից դառնա 3 տոկոս, իսկ դաշինքների համար 7 տոկոսից դառնա 5 տոկոս»,-ասաց Բագրատյանը:

Նա չհամաձայնեց ՀՀԿ-ականների պնդմանը, թե փակ համամասնական ընտրակարգի դեպքում խորհրդարանը կձեւավորվի միայն երեւանցիներից, մարզերից պատգամավորներ չեն լինի: «Կարծում եմ՝ մարզերից ներկայացվածությունը կարելի է լուծել քվոտավորելով: Ասենք նշվի, որ առաջինից վեցերորդ համարներից մեկը լինի մարզից, հաջորդ 6-12 համարների մեջ եւս մեկը լինի մարզից եւ այսպես շարունակ: Դա կարգավորվող հարց է: Ինչ վերաբերում է նրան, որ ընտրելուց հետո քաղաքացին կարող է պահանջներ ներկայացնել իր պատգամավորին, ի՞նչ տարբերություն, կարող է ցանկացած պատգամավորից պահանջել, պարտադիր չի, որ իր ընտրատարածքից ընտրված լինի, որ պահանջի»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացման ժամկետին, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ խմբակցությունը դեռ չի քննարկել այդ հարցը. «Ես կարծում եմ, որ մինչեւ ապրիլ հնարավոր կլինի կազմակերպել ընտրություն: Աշնանը, կարծում եմ, չեն հասցնի: Որքան գիտեմ, «Ելք» դաշինքը ցանկանում է, որ նոյեմբերին կազմակերպվեն ընտրություններ, բայց ես կարծում եմ, որ տեխնիկապես հնարավոր չէ հասցնել, որովհետեւ միջազգային կառույցները, նաեւ ընտրական տեխնոլոգիաներով զբաղվող կառույցները, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովը ողջամիտ ժամկետ են նախատեսում ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, որպեսզի քաղաքական ուժերը պատրաստ լինեն ընտրություններից: Այդ կառույցները ողջամիտ ժամկետ  են նշում 6 ամսից մինչեւ մեկ տարի ժամկետ, որ քաղաքական ուժերը պատրաստվեն եւ ընտրության գնան առավելապես տեխնիկապես պատրաստ»: