Նախադպրոցական, հանրակրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում ջրամատակարարման եւ սանիտարական ծառայությունների հասանելիությունն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մոնիթորինգային այցեր են իրականացրել Երեւանի եւ մարզերի ավելի քան 200 ուսումնական հաստատություններ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցերը կատարվել են համապատասխան փորձագետների կողմից մշակված հատուկ մեթոդների ու հարցաշարերի միջոցով. ստուգվել են հաստատություններում գործող սանհանգույցները, ջրի եւ սանիտարական պայմանները: Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես գյուղական վայրերում գտնվող, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ հատուկ խմբերին ծառայություններ մատուցող հաստատություններին:

«Կայուն զարգացման նպատակների իրականացման աջակցություն, ջրի եւ սանիտարական պայմանների առկայությունը որպես մարդու իրավունք» ծրագրի շրջանակում ուսումնասիրություններն իրականացնելիս հաշվի են առնվել  գործող օրենսդրական դաշտը, միջազգային չափանիշները եւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները։

Այցերի ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաեւ անհրաժեշտ առաջարկները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով: